Տարածաշրջանային հակամարտությունները սպառնալիք են ողջ Հարավային Կովկասի կայունության համար, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հավանաբար, տարածաշրջանի ամենաբարդ եւ չլուծված հարցն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը այսօր Երեւանում մեկնարկած «Կասպից եւ Սեւ ծովերի միջեւ. նոր մարտահրավերներ եւ հնարավորություններ Հարավային Կովկասի համար» խորագրով կոնֆերանսում: Նրա խոսքերով, հրադադարի ռեժիմը գործում է 1994 թվականից եւ կողմերը որոնում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ: Հայաստանը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին, որն կերաշխավորի Ղարաբաղի կարգավիճակը` հիմնված ինքնորոշման սկզբունքների վրա, անվտանգություն եւ բարգավաճում կապահովի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: «Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը եւ նրա աջակցությունը կողմերին: Հայաստանը ողջունում է եւ աջակցում է միջազգային միջնորդների ջանքերին այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն մենք հասկանում ենք, որ հակամարտության կողմերը պետք է իրենք ամեն ինչ անեն խնդրի վերջնական լուծման համար»,-հայտարարել է Ա.Կիրակոսյանը: Ա. Կիրակոսյանը Հարավային Կովկասի անվտանգության համակարգի համար մեկ այլ խոչընդոտ է համարել չկարգավորված հակասությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: «Նման իրավիճակը եզակի է, քանի որ ոչ մի այլ երկիր տարածաշրջանում չունի անտագոնիստական հարաբերություններ հարեւան տերությունների հետ: Թուրքիան միակ երկիրն է, որը դիվանագիտական հարաբերությունների չի հաստատել Հայաստանի հետ եւ նույնիսկ չի էլ փորձում դա անել: Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Սակայն հայ-թուրքական սահմանի երկաթե վարագույրը փակ է մնում եւ դա անկայունության մշտական տարր է հանդիսանում տարածաշրջանի համար»,-հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:





