Երևանի ավագանու ընտրությունները ԲՀԿ-ն երկու փոխլրացնող հարթությունների վրա է դիտարկում: ԲՀԿ ցուցակը գլխավորող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց, որ հաղթելու դեպքում իրենք կենցաղային խնդիրներին շատ արագ լուծում կտան, արագ կվերականգնեն Երևանի աղջատված դիմագիծը, կվերացնեն բյուրոկրատական քաշքշուկները և այլն: «Հաղթանակի դեպքում առանձին կամ ոչ իշխանական ուժերի հետ կոալիցիա կձևորենք, որը լուրջ հակակշիռ կստեղծի»,- ասաց նա:
Նա նշեց, որ ընդդիմադիր ուժերի հետ իրենք քննարկել են նաև այն տարբերակը, որ կարող են առանձին գնալ ընտրություններին, հետո համագործակցել: «Սա լավ տարբերակ է, յուրաքանչյուրն ունի էլեկտորատ, ընտրություններից հետո ավելի ընդգրկուն կարելի է համագործակցել, կոալիցիա կազմել»,- ասաց Վարդան Օսկանյանը:
Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ ՀՀԿ տարբեր ներկայացուցիչների հատարարություններին, թե այս ընտրությունները ԲՀԿ-ի համար վերջին «լիկվիդի» հնարավորութուն է, որ պայքարը գնալու է երկրորդ տեղի համար՝ ոչ իշխանական ուժերի միջև: «Քաղաքական ամբարտավանություն եմ համարում այդ հայտարարությունները՝ «Երևանը չենք զիջելու», «առաջին տեղը կանխորոշված է», նման վերաբերմունքը մեր ընտրողի հանդեպ, թե «մեր դեմ խաղ չկա» և այլն անթույլատրելի է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց նաև ՀՀԿ ներկայացուցիչների հայտարարություններին, թե ԲՀԿ քաղաքականությունից դուրս է. «Եթե մենք քաղաքկանութոնից դուրս լինեինք ՀՀԿ-ին իր ողջ ռեսուրսները չէր ներդնի տարբեր հարթակներում ԲՀԿ դեմ տարբեր հոդվածներ պատվիրելու մեջ: Նման հայտարարություն անողներին չի փրկելու եվրոչինովնիկների հաճոյախոսությունները, մենք այսօր ունենք քաղաքացի, ով պատրաստ է պայքարել իր քվեի համար: «Մեր դեմ խաղ չկա» բանաձևը տանելու է փակուղի: ԲՀԿ-ն երբեք որևէ մեկին վիրավորելու քայլ չի նախաձեռնել, ԲՀԿ-ի դեմ ցանկացած ապատեղեկատվություն, խեղաթյուրում արժանանալու է համարժեք պատասխանի»:





