«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք որևէ անձի դեմ որևէ խնդիր չունի, եթե կառավարության վարած սխալ, ճգնաժամային քաղաքականությունը տաներ որևէ այլ՝ Պետրոս Պողոսյան անունը կրող վարչապետ, ապա ԲՀԿ-ն նրան կքննադատեր: Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Ճանապարհը, որով իբր փորձ է արվում լուծել երկրում առկա ճգնաժամային խնդիրները, սխալ է: Եթե իշխանութունը հավատում է, որ այս կառավարությունը փայլուն է աշխատել, ապա կարող են վստահել այս վարչապետին երկիրը տանել սոցիալ-տնտեսական աղետի ճանապարհով: Ամեն շաբաթ կառավարությունը մեր առաջարկությունները պարտաճանաչորեն մերժում է, մենք դեմ ենք իրենց քաղաքականությանը: Կառավարության ծրագրին մեր քվեարկությունը եղել է բացասական, բայց անհրաժեշտ քանակով քվեներ չունեինք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ Հայաստանի բոլոր խորհրդարանների նախաձեռնությունների մեծ բաժինը մշտապես կառավարությանն են եղել: «Քանի դեռ մի երկրում շարունակում է քաղաքական մոնոպոլիա, երբ կառավարության և ԱԺ-ի մեծամասնությունը նույն քաղաքական թիմից են, մենք ունենալու ենք նույն պատկերը»,- ասաց պատգամավորը:





