AM
22 Մարտ 2013 - 13:39 AMT

Կենտրոնում վերակառուցվում են ջրաբաշխիչ հանգույցները

Թումանյան-Սարյան և Թումանյան-Ե.Կողբացի փողոցների հատման վայրերում գտնվող դիտահորերում իրականացվող աշխատանքների հետ կապված, մարտի 22-ին ժամը 09.00-ից դադարեցվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի, Հանրապետության, Մ.Մկրտչյան, Թումանյան, Պուշկին, Չայկովսկու, Արամի, Մելիք-Ադամյան, Փարպեցի, Եկմալյան, Ֆիրդուսի, Սարյան, Լեո փողոցների, Խանջյան 1-37, Նալբանդյան 1-21, 2-100, Վարդանանց 1-83, 2-18, Տիգրան Մեծի 1-15, Բուզանդի 83-101, Կողբացու 11-75, Աբովյան 1-11, 2-20, Տերյան 1-27, 2-42, Մաշտոցի 7, 9, 20, 22, Պարոնյան 2-16 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

«Երևան Ջուր» ՓԲԸ «Արևելք» շահագործման տնօրինության «Կենտրոն» տեղամասի մասնագետները Թումանյան-Սարյան խաչմերուկում 400մմ տրամագծով հին, չաշխատող փականը փոխարինում են սպառման ծավալներին ավելի համապատասխանող 300մմ-անոց նոր փականով, իսկ Թումանյան-Ե.Կողբացի խաչմերուկի ջրաբաշխիչ հանգույցն ընդհանրապես վերաձևավորում են: Ապամոնտաժվող 2X500մմ, 1X300մմ և 1X200մմ տրամագծով չորս փականներին փոխարինելու են ընդամենը երկուսը՝ 300մմ և 150մմ տրամագծով:

Ըստ տեղամասի գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանի, դրա շնորհիվ նշված տարածքներում առաջին հերթին զգալիորեն կբարձրանա բաշխիչ ցանցի կառավարելիությունը, որոշակիորեն կկարգավորվի նաև մատակարարվող ջրի քանակը: Իսկ ապագայում, անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի ապահովել ջրի անարգել փոխադրումը ջրամատակարարման երկու գոտիների միջև:

Աշխատանքների մեծ ծավալներից ելնելով, ջրամատակարարումը դադարեցվել է մինչև մարտի 23-ը ժամը 09.00-ն, սակայն հաշվի առնելով սպառողների կենցաղային կարիքները, ջրմուղագործներն անում են հնարավորինս ավելի կարճ ժամկետում ջրամատակարարումը վերսկսելու համար, հայտնում է «Երևան Ջուր» ՓԲԸ Հաղորդակցության բաժինը: