Հայաստանում տարածված լոլիկի, կատոֆիլի և այլ գյուղատնտեսական մթերքների համար վտանգավոր վնասատուների բուսասանիտարական ուսումնասիրությունը հնարավորություն կտա նվազեցնել բերքի կորուստները: Այս մասին այսօր մեկնարկած «Միջազգային պայմանագրերի ազդեցությունը Հայաստանի սանիտարական և բուսասանիտարական գործունեության վրա» խորագրով սեմինարի ժամանակ ասել է Անդրեյ Օրլինսկին: Ռուս փորձագետը Հայաստանում է` բույսերի պաշտպանությանն ուղղված ուսումնասիրությունների համար:
«Բուսասանիտարական ռիսկերի ուսումնասիրությունը տվյալ տարածաշրջանում թույլ է տալիս խուսափել մի երկրից վնասատու օրգանիզմների անցումը մեկ այլ երկիր, բայց ուսումնասիրության արդյունքները չպետք է խոչընդոտեն մթերքների արտահանմանը և վաճառքին»,- ասել է Ա. Օրլինսկին։
Սեմինարի ժամանակ քննարկվեցին ոլորտին վերաբերող ռիսկերը, խնդիրներն ու հեռանկարները։ ԱՄՆ ՄԶԳ/Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Էս») ծրագրի ղեկավար Բրունո Կորնելիոն նշել է, որ միջազգային պայմանագրերը մեծ կարևորություն ունեն սանիտարական և բուսասանիտարական ռիսկերը նվազեցնելու գործում և կարևորել է Հայաստանի անդամակցությունն այդ պայմանագրերում։
«Միջազգային բուսասանիտարական կազմակերպությունները նպատակ ունեն պահպանել անհատ սպառողների շահերը։ Հայաստանը նույնպես անդամակցում է նման կազմակերպությունների, հետևաբար պետք է համապատասխանի համաշխարհայն ստանդարտներին»,- ասել է Կորնելիոն ու հավելել, որ Հայաստանում մինչև տարեվերջ սանիտարական լաբորատորիաներ ստեղծելու նպատակ ունեն, որոնք հնարավորություն կտան ուսումնասիրել սանիտարական և բուսասանիտարական ռիսկերը։





