AM
25 Մարտ 2013 - 15:10 AMT

«Մարցիգետ» ՓՀԷԿ-ի անվտանգության մասին խոսում է «Թռչկան» ՓՀԷԿ-ի սեփականատերը

«Մարցէներջի» ՍՊԸ-ի-ի սեփականատեր Լ.Սիմոնյանը, ով Մարցի բնակիչներին համոզում էր, որ «Մարցիգետ» փոքր ՀԷԿ-ը բացարձակ անվտանգ է, արդեն իսկ հանարճանաչություն է ձեռք բերել այս ոլորտում: Այս մասին նշում է «Համահայկական բնապահպանական ճակատը», որը Չիչխան գետի մասին տեղեկատվություն և տեսանյութ է տարածել: Գետի վրա կառուցված «Թռչկան» ՓՀԷԿ-ը պատկանում էր «Լեռ և Ջուր» ՍՊԸ-ին, որը պատկանում էր միևնույն Լ. Սիմոնյանին: Հայտարարության մեջ նշված է.

«Բնապահպանական տեսչությունը անցկացրել է ստուգում, որի արդյունքում կայացվել է «Լեռ և Ջուր» ՍՊԸ-ի տնօրեն Լիպարիտ Սիմոնյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում, տրվել է պարտադիր կատարման հանձնարարական, սահմանվել ողջամիտ ժամկետ առկա բոլոր թերությունների և բնապահպանական ոլորտի խախտումները վերացնելու համար: Հիմա այս նույն մարդը ուզում է ՀԷԿ կառուցել Մարց գետի վրա և լսումների ժամանակ գյուղացիներին հորդորում է, որ իրեն չհամեմատեն ուրիշ ՀԷԿ-երի տերերի հետ, ովքեր ջրազրկում են գետերը, և որ ինքը շատ պարտաճանաչ է, երևի մոռացել է Չիչխան գետի մասին…սա էլ լսումների տեսագրությունն է…»: