AM
27 Մարտ 2013 - 07:39 AMT

ԱԺ արտահերթ նիստ. ՀՀԿ-ն առաջարկների է սպասում, «Ժառանգությունն» ասում է` վաղուց ներկայացրել ենք

ՀՀԿ-ն պատրաստվում է այս շաբաթվա վերջին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել հետընտրական զարգացումները քննարկելու համար:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նախօրեին ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին է փոխանցել իրենց հեղինակած հայտարարության այն նախագիծը, որը դառնալու է արտահերթ նիստի քննարկման առարկան: Նախագիծը դեռ չի հրապարակվել: Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկությունների` նախագծի բովանդակությունը հետևյալն է` մենք հաղթել ենք փետրվարի 18-ի ընտրություններում, բայց պատրաստ ենք լսել և քննարկել մյուս ուժերի ասելիքը: Այսօր ՀՀԿ-ն սպասում է խմբակցությունների առաջարկներին:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հետընտրական իրավիճակի լուծմանն ուղղված իրենց առաջարկները շատ վաղուց են ներկայացրել, երբ դեռ նոր էին սկսել քննարկել արտահերթ նիստ հրավիրելու հարցը:

«Եթե հիշում եք վերջին նիստերից մեկում ԱԺ նախագահն ասաց, որ ցանկանում են արտահերթ նիստ հրավիրել: Մենք ասացինք, որ կողմ ենք արտահերթ նիստին և «Դաշնակցության» հետ միասին ներկայացրեցինք հայտարարության նախագիծ: Ընթացակարգը ենթադրում էր, որ եթե մեծամասնությունը ցանկություն ունի արտահերթ նիստ հրավիրելու, ինչի մասին և հայտարարվեց, պետք է որ ներկայացնեին նաև անհարժեշտ նախագիծ: Բայց իրենք մեր նախագիծը մերժեցին և այդ ամբողջ ընթացքում նախագիծ չներկայացրեցին: Հիմա իրենք արդեն ուշացած փորձում են կյանքի կոչել իրենց նախաձեռնությունը, հայտարարության նախագիծ են ուղարկել մեզ, որը բացառձակապես կապ չունի, իր բովանդակությամբ համարժեք չէ այն իրավիճակին, որ ստեղծվել է ընտրություններից հետո: Եթե իրենք ցանկանում են այդ նախագծով նիստ հրավիրել, խնդրեմ, թող հրավիրեն, իրենք ունեն դրա բոլոր հնարավորությունները: Մենք մեր առաջարկությունները շատ վաղուց իրենց ներկայացրել ենք»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ նախագծի բովանդակությանը, Ռուբեն Հակոբյանն ասում է, որ այն պետք է հրապարակեն հեղինակները: «Մենք մեր նախագիծը այն ժամանակ հրապարակեցինք: Բաց, հրապարակային, մարդիկ հասկացան, թե մենք նախագծում ինչ ենք նշել: Իրենք չեն հրապարակել, ուղղակի ընդհանուր ձևակերպումներ են` առանց կոնկրետ առաջարկությունների»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: