Սերժ Սարգսյանին ուղարկած Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին նամակն ամբողջովին ներկայացնում է իրավիճակի հանգուցալուծման շուրջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի մոտեցումները: Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ ինքը կորոշի, երբ կանցնեն հաջորդ հանգրվան, որպեսզի կարողանան ժողովրդի` փետրվարի 18-ի աննախադեպ հաղթանակը արձանագրել տալ:
«Այն համալիր հանգուցալուծումը, որ ուղարկեցի պարոն Սարգսյանին, անբաժանելի է: Այնպես, որ եթե նա երբևէ կուզենա դեմ առ դեմ հանդիպել, քննարկել, վերջին նամակումս ասացի, որ ինքը կարող է իմ ուղարկած այդ փաստաթուղթն ընդունել որպես բանակցությունների հիմք: Պետք է նկատի առնվի, որ այն, ինչ ուղարկվեց, նվազագույն շեմն է: Դա չի նշանակում, որ ինքը չի կարող առաջարկել կամ որևէ կետ հանել, բայց եթե մի կետ հանեց, համարժեքը պետք է ներկայացվի: Դա անբաժանելի մոտեցում է, որ մենք համազգային մեր խնդիրը հանգուցալուծենք և անցնենք դեպի առաջ, դեպի սահմանադրական նոր Հայաստան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ևս մեկ անգամ ասաց, որ պատրաստ է հանդիպել գործող նախագահին, և լավ կլինի, որ հանդիպումը լինի բաց, հրապարակային, մարդկանց աչքի առաջ: Սակայն, եթե Սերժ Սարգսյանը չի ցանկանա հանդիպել հենց հրապարակում, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկում է հանդիպել Ազատության հրապարակում որևէ տեղ, օրինակ Օպերայի շենքում:
Հարցին, եթե լինի նոր հանդիպում, նա կցանկանա՞ ձայնագրիչ վերցնել իր հետ և ձայնագրել իրենց խոսակցությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց .«Ես կողմ եմ ուղիղի եթերով հանդիպմանը, որին մասնակից կլինեն նաև լրագրողները: Սակայն, դասեր քաղելով նախորդ փորձից, պիտի ձայնագրենք և այդ ձայնագրությունը լինի նաև մեր ձեռքում»:
Անդրադառնալով շրջանառվող խոսակացություններին, թե ինքը գործարքի է գնացել իշպանությունների հետ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ հրապարակային մարդ է և իր խիղճը թույլ չի տա գնալ որևէ գործարքի: «Ես մնում եմ իմ նույն պահանջին` կամ պետք է լինեն նոր ընտրություններ, կամ պետք է իշխանությունը կիսվի ժողովրդի հետ: Կրկնում եմ, եթե Սերժ Սարգսյանի կողմից լինեն առաջարկներ, ապա դրանք կքննարկվեն»,- ասաց նա:





