Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան, հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը:
Այցի առաջին օրը ԱԱԽ քարտուղարը հանդիպում ունեցավ Լեհաստանի Սենատի նախագահ Բոգդան Բորուսևիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների, այդ թվում միջխորհրդարանական հարթությունում կապերի զարգացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորեցին երկու պետությունների օրենսդիր մարմինների, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի միջև փոխգործակցության ակտիվացումը` որպես երկկողմ կապերի ամրապնդման կարևոր գործոն:
Նույն օրը տեղի ունեցավ Ա.Բաղդասարյանի հանդիպումը Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի լեհական կողմի համանախագահ Տոմաշ Տոմչիկևիչի հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացմանն ու հեռանկարներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները նշեցին երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և այդ տեսակետից կարևորեցին ս.թ. ապրիլի 23-26-ը Երևանում կայանալիք` միջկառավարական հանձնաժողովի հերթական, 3-րդ նիստի անցկացումը:
Որպես թիրախային ուղղություն նշվեց ռազմական արդյունաբերության զարգացումը, որի առաջին քայլերից էր այսօր Վարշավայում «Լյուբավա» ընկերության և ՀՀ Պաշտպանության նախարարության Չարենցավանի հաստոցաշինական գործարանի միջև ստորագրված հայ-լեհական համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիրը:





