Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ցավում է, որ Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ տոմս ունեցող բազմաթիվ երկրպագուներ չեն կարողացել մարզադաշտ մտնել, սակայն անհիմն են համարում այս հարցի շուրջ ոստիկանության հասցեին հնչող մեղադրանքները:
Ոստիկանությունից պարզաբանում են, որ մարզադաշտից դուրս գտնվողներին ներս թողնելու դեպքում մարզադաշտում տոմսերի և տեղերի հետ կապված վեճեր կարող էին առաջանալ, ինչը կարող էր վնասել նախ խաղին հետևելու ընթացքին և երկրի հեղինակությանը միջազգային ասպարեզում: Այնինչ ֆուտբոլասերներին կանխավ զգուշացվել էր մարզադաշտում լինել խաղի սկզբից 1-2 ժամ առաջ:
«Ոստիկանությունը պատասխանատու են մարզադաշտի ներսում և հարակից տարածքում հասարակական կարգի պահպանման համար, իսկ տոմսերի ստուգման գործընթացով զբաղվել է «Արմոբիլ» ընկերությունը:
Տոմս ունեցող մարզասերներին ներս չթողնելը պայմանավորված է եղել նաև նրանով, որ մարզադաշտն այդ պահին լեփ-լեցուն է եղել, իսկ թե տոմս ունեցող կամ չունեցող ինչքան մարդ է ներս մտել, պետք է վերահսկեր մարդկանց ներս թողնող կազմակերպությունը»,-ասված է ոստիկանության տարածած պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա խաղի ժամանակ տոմս ունեցող բազմաթիվ ֆուտբոլասերներ չէին կարողացել դիտել խաղը, քանի որ նրանց ներս չէին թողել:





