«Մարտակերտի մանկապատանեկան մարզադպրոց»-ի տնօրեն Կարեն Շախնումանցը, շահադիտական շարժառիթով, 2011-2012թթ. ուսումնական տարում կազմավորել է վոլեյբոլի կեղծ խմբակ և նախապես տեղյակ լինելով մարզիչների կողմից պարապմունքները չկազմակերպելու մասին, որպես աշխատավարձ է ձևակերպել ու վճարել 242.112 դրամ գումար` պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնման եղանակով պետությանը պատճառելով հիշյալ չափով գույքային վնաս:
ԼՂՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հետագայում (2012-2013թթ.) Կարեն Շախնումանցը կազմավորել է հրաձգության երկու կեղծ խմբակ և նույն կերպ աշխատավարձ է ձևակերպել ու վճարել 164.837 դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` նախատեսված ԼՂՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը) և 314-րդ հոդվածով (Պաշտոնեական կեղծիքը):
Քրեական գործով հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացվում է ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի կողմից:





