AM
28 Մարտ 2013 - 08:03 AMT

Ալեքսանդր Արզումանյան. Ամենակարևորն այն է, ապրիլի 9-ից հետո բախումներ տեղի չունենան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, հաշվի առնելով նախկին ընտրությունների փորձը, երբ չհաջողվեց միավորել ընդդիմությանը, որոշեց չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Բացի այդ, կուսակցությունում կարծում են, որ ընդդիմության մի քանի ճակատներով մասնակցությունը կփոշիացնի ընդդիմության ռեսուսները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Ըստ նրա` ռեժիմն ունի հնարավորություններ վերարտադրվելու համար, և վտանգավոր կլինի, եթե այլընտրանքը և ընդդիմությունը սկսեն պայքարել միմյանց դեմ, ինչը կհանգեցնի ընդդիմության քաղական ռեսուրսի փոշիացմանը:

Անդրադառնալով նախագահի ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին, Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ զարգացումները ցույց են տալիս, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է բոլոր խնդիրները լուծել բանակցությունների միջոցով:

«Կա քաղաքական գործիչ, ով հավաքել է 37% և նա պնդում է, որ հաղթել է նախագահական ընտրություններում: Րաֆֆին քաղական պայքարի իր ոճն ունի և պետք է սպասել, թե ինչով այս ամենը կավարտվի»,- նկատեց նա:

Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ ամենակարևորն այն է, որ մինչև ապրիլի 9-ը քաղական ճգնաժամի հանգուցալուծման «ճանապարհային քարտեզ» կազմվի և ապրիլի 9-ից հետո բախումներ տեղի չունենան: