«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հավաստիացնում է` իրենք բովանդակային քայլեր են անում, գործընթացը շոու չէ, պաշտոնակռիվ չէ, ոչ էլ իմիտացիոն բնույթ է կրում: Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ այս պայքարի ետևում կանգնած է Հայաստանը, ուստի իրենք ստիպված ենք պայքարել մինչև հաղթանակ:
Նա հայտարարեց, որ իրենց նկատմամբ ոչ իշխանական դաշտից ուղղորդված քննադատություն է իրականացվում: «Չտեսնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Ընտրական օրենսգրքի հետ կապված պահանջները և խոսել քաղաքական առևտրի մասին, նշանակում է հարվածել համազգային շարժմանը, որն ավելի վատ է, քան իշխանությունների արածը, քանի որ իշխանությունները գոնե ճակատային ձևով են պայքարում: Բայց մի քանիսը, ովքեր ընդդիմադիրի պատմուճան են հագել, իրականացնում են ավելի վատ գործելաոճ»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը:
Անդրադառնալով նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը պետք է կայանա նախագահական նստավայրում, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը լուծելու համար չկա ավելի լավ, հարմար վայր, քան Ազատության հրապարակը: «Հանդիպումը կարող է լինել միայն Ազատության հրապարակում, սա վերջնագիր չէ և այստեղ հանդիպման վայրերը բազմաթիվ են»,- ասաց նա:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի` փոխզիջման որևէ խնդիր գոյություն չունի, իրենց առաջարկներն ամբողջական ներկայացվել են և փոփոխման ենթակա չեն, իսկ որևէ կետի փոփոխման դեպքում պետք է համարժեք կետն առաջարկվի:





