Առավել իրատեսական է, որ ընդունելի առաջարկություններով հանդես գա Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, քան՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի` ներքաղաքական վիճակը քննարկելու համար: Այս մասին այսօր Ազատության հրապարակում, ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրսյանը: Ըստ նրա` խորհրդարանից չարժե գործուն քայլեր սպասել այդ ուղղությամբ: «Ազգային ժողովը շատ ցածր վարկանիշ ունի ժողովրդի շրջանում, որը պարզապես չի վստահում խորհրդարանին»,-ասաց նա:
Իսկ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու փորձն այս անգամ էլ, կարծես, ձախողվում է: ՀՀԿ-ի նախաձեռնությունը այդպես էլ կմնա թղթի վրա, որովհետև մյուս քաղաքական ուժերը չեն համաձայնել ստորագրել ՀՀԿ-ի հեղինակած փաստաթղթի տակ, որը պետք է դրվեր արտահերթ նիստի քննարկման: Մամուլում շրջանառվող լուրերի համարձայն, ՀՀԿ-ի կազմած հայտարարության բովանդակությունը մոտավորապես հետևյալն էր՝ մենք հաղթել ենք փետրվարի 18-ի ընտրություններում, բայց պատրաստ ենք լսել և քննարկել մյուս ուժերի ասելիքը:
Չնայած խորհրդարանական մյուս ուժերը այդպես էլ համաձայնության չեն գալիս ՀՀԿ հայտարարության տեքստի և ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցի շուրջ, ՀՀԿ-ն չի վհատվում, և շարունակում է հայտարարել, որ պատրաստ է ստեղծված հետընտրական իրավիճակից ելքի շուրջ երկխոսության, ավելացնելով, որ այդ երկխոսությունը պետք է լինի առարկայական, այլ ոչ թե շոու հիշեցնի:
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում համոզմունք է հայտնել, որ իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսություն կհաստատվի, քանի որ իշխանությունը բաց է այդ երկխոսության համար: Սակայն, նա հաղորդել է, որ ՀՀԿ առաջարկած հայտարարության նախագծի նկատմամբ ընդդիմադիր խորհրդարանական ուժերի ոչ կառուցողական դիրքորոշումը հաշվի առնելով`կառավարող կուսակցությունն այսօրվա դրությամբ արտահերթ նստաշրջան անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում`առնվազն մինչև ընթացիկ շաբաթվա վերջը:
Ըստ Էդուարդ Շարմազանովի` ՀՀԿ առաջարկած հայտարարության նախագծում, մասնավորապես նշվում է, որ ՀՀ Ազգային ժողովը, մտահոգված լինելով Հայաստանի հետընտրական իրադարձություններով, գիտակցելով, որ քաղաքացիական համերաշխությունը, հասարակական և քաղաքական վստահությունը կնպաստեն երկրի զարգացմանը, կոչ է անում բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ջանք գործադրել`փոխհանդուրժողականության մթնոլորտում երկխոսություն ծավալելու նպատակով:
«ՀՀ ԱԺ-ն անհրաժեշտ է համարում նաև կառուցողական քննարկումներ սկսել սահմանադրական բարեփոխումների և ընտրական համակարգի բարելավման շուրջ: ՀՀ Ազգային ժողովը դիմում է երկրի բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիներին`կոչ անելով զերծ մնալ ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին հակասող գործողություններից և գնալ երկխոսության ճանապարհով`փորձելով համատեղ ջանքներով լուծել գոյություն ունեցող խնդիրները»,- ասված է հայտարարության մեջ:





