ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունն ու հայտարարությունների «փոխհրաձգությունը» շարունակվում է: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն տարբեր քաշային կատեգորիաներում են: «Իհարկե, մենք տարբեր քաշային կատեգորիաներում ենք։ Բայց իմ գործընկերոջն ուզում եմ իրազեկել, որ կուսակցությունների, ինչպես ինքն է բնորոշում, քաշային կատեգորիաները որոշում է ժողովուրդը, այլ ոչ թե իր նշած կատեգորիաները չափվում են ոստիկանական «սապոգով» ընտրություն անելով և ժողովրդավարության շղարշներ հյուսելով։ Իսկ եթե իմ գործընկերը քաշային կատեգորիա ասելով նկատի ունի դատարկ օդով լցված փուչիկը՝ ապա փուչիկների հարցում իրենք մեծ մասնագետներն են, և այստեղ ես ձեռնպահ կմնամ որևէ մասնագիտական գնահատական հնչեցնելուց»,- ասվում է Տիգրան Ուրիխանյանի հայտարարության մեջ:
«Առավոտ»-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասել է, որ Հանրապետական կուսակցությունը հրաձգություն չի նախաձեռնել, հրաձգությունների էլ չի մասնակցում: «Մենք բոլոր քաղաքական ուժերին, կամ թվացյալ քաղաքական ուժերին ու նրանց ոչ քաղաքական արձագանքներին հստակ պատասխան ենք տալիս կոռեկտության սահմաններում: Հանրապետական կուսակցությունը միշտ էլ կարծել է, որ քաղաքականության մեջ կոռեկտությունը անհրաժեշտ կատեգորիա է: Ինչ վերաբերում է հրաձգություններին, ապա Դուք էլ լավ գիտեք, որ ՀՀԿ-ԲՀԿ քաղաքական քաշային լուրջ տարբերություն կա»,- ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը:
Ավելացնենք, որ վերջին շրջանում ԲՀԿ և ՀՀԿ ներկայացուցիչների հարաբերությունները բավական լարված են, հակամարտությունը շարունակվում է և մամուլի էջերում, և սոցիալական ցանցերում:





