Փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է եղել: Անդրադարձ է եղել գյուղատնտեսական խնդիրներին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ պարարտանյութի և դիզելային վառելիքի բաշխման գործընթացը շարունակվում է. բաշխումը հիմնականում կատարված է ցածրադիր գոտիներում, առաջիկա օրերին էլ պարարտանյութ և դիզվառելիք կստանան բարձրադիր գոտիների հողօգտագործողները:
Առաջիկա օրերին կմեկնարկի նաև գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացուի բաշխումը: Ս. Կարապետյանը մարզպետներին առաջարկեց հստակեցնել մարզերում առկա պահանջարկը և վերջնական տվյալները ներկայացնել նախարարություն:
Փոխվարչապետը կարևորել է ինչպես սերմացուի, այնպես էլ պարարտանյութի և դիզվառելիքի բաշխման գործընթացի արագացումը, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված հողօգտագործողները դժվարություններ չունենան: Նա մարզպետներին հորդորել է սերտ համագործակցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ` ծրագրերի ժամանակին իրականացումն ապահովելու համար:





