AM
1 Ապրիլ 2013 - 08:32 AMT

Րաֆֆի Հովհաննիսյանը Սյունիքի մարզում է. Մարզպետը ժամադրության չեկավ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, ինչպես խոստացել էր, երեկ Սուրբ Հարության տոնի պատարագից հետո դադարեցրեց հացադուլը և այսօր արդեն Սյունիքի մարզում է: «Բարև Կապան, հաղթական Սյունիք, որ փետրվարի 18-ին որոշեց և հստակ ասաց ողջ աշխարհին, որ Սյունիքը որևէ մեկի սեփականությունը չէ, դա ժողովրդինն է: Նրանք կեղծում են Նժդեհ ասելով, նրանք պատասխան են տալու արդար դատարանի առաջ»,- Կապանում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը կայացած հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին ժամադրել էր, քանի որ վերջինս մամուլում Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա ընտանիքի հասցեին վիրավորանքներ ու սպառնալիքներ էր հնչեցրել: Անդրադառնալով Սյունիքի մարզպետին ժամադրելուն, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Եթե Սուրիկ Խաչատրյանն անելիք ունի, ապա ես այստեղ եմ: Ես շնորհակալ եմ, որ մերզպետն ինձ կենդանի թողեց, բայց նա իր խոստումը չկատարեց և չեկավ հրապարակ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ մարզպետը չեկավ ժամադրության, փոխարենը` մի քանի սադրիչ ուղարկեց Կապանի կենտրոնական հրապարակ. «Բայց սադրիչը, ոստիկանը չեն կարող գործ ունենալ, ժողովուրդը հաղթանակ է տարել փետրվարի 18-ին և ժողովուրդն էլ գործելու է»: