AM
1 Ապրիլ 2013 - 10:34 AMT

Հմայակ Հովհաննիսյան. Իշխանությունները քաղաքական գործիչներին «փչացնելու» վարպետ են

Այս իշխանություններն ուղղակի վարպետ են քաղաքական գործիչներին «փչացնելու» հարցում, կարծում է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: «Սերժ Սարգսյանը գրոսմաստեր է քաղաքական գործիչներին «փչացնելու» հարցում: Ես ափսոսում եմ Պարույր Հայրիկյանի համար: Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան: Հերթը հասավ նաև Պարույր Հայրիկյանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին պետբյուջեից 20.5 մլն դրամ հատկացնելու որոշմանը, քաղաքագետն ասաց. «Եթե մինչև հիմա մեր պետությունը փոխհատուցած լիներ այն վնասները, որոնք կրել են մարդիկ: Եթե հոկտեմբերի 27-ից հետո տուժողներին բոլորին փոխհատուցում տրամադրվեր, եթե այդ սկզբունքն իրականացվեր այն զինվորների նկատմամբ, ովքեր հրամանատարության մեղքով են զոհվում, ոչ թե թշնամու գնդակից, փոխհատուցում հատկացվեր մարտմեկյան ողբերգության զոհերի հարազատներին, դա ընդունելի կլիներ»: Հմայակ Հովհաննիսյանը նկատեց, որ այս ամենը չի արվել, ուրեմն իսկապես ինչ-որ որոշում է, որը մարդկանց մոտ կարող է կասկած առաջացնել, որ դրա դիմաց Հայրիկյանը հրաժարվեց հետաձգել ընտրությունների օրը, ինչը ձեռնտու չէր իշխանություններին:

Հիշեցնենք, որ կառավարությունը պահուստային ֆոնդից 2013 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացնել է 20.5 մլն դրամ (մոտ 50 հազ. դոլար)` Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով:

Հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել: ԱԻՄ առաջնորդը անրակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել: Հետագայում վնասվածքի հետ կապված բարդություններ են առաջացել: Այժմ Պարույր Հայրիկյանը Հոլանդիայում է, որտեղ բուժման կուրս է անցնում: