AM
3 Ապրիլ 2013 - 12:17 AMT

Մ.Մինասյանը` Փակ Շուկայի մասին. Եթե նախագահը չխառնվի, հարցը չի լուծվի

Ոչ մի առաջխաղացում չկա: Փակ շուկայում ապօրինի շինարարությունը շարունակվում է: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ու նշեց.«Ես շատ ցավալի եմ համարում այն, ինչ այսօր կատարվում է Փակ շուկայի հետ: Իսկ առավել ցավալի է այն, որ դա արվում է մեր քաղաքացու ձեռքով, ով պատգամավորական մանդատ ունի»:

Մ. Մինասյանն այսօր էլ նշեց, որ իրենք դիմել են տարբեր պետական ատյաններ, մշակույթի նախարարություն, քաղաքապետարան, սակայն որևէ արդյունք չկա: «Առանց նախագծի շինարարությունը շարունակվում է, իսկ նույնիսկ մեկհարկանի կառույցը պարտադիր ունենում է հաստատված նախագիծ», – ասաց նա ու նշեց նաև, որ զարմացած է Երևանի ավագանու «քար լռությամբ», որ ոչ մի անգամ չի առաջարկել քննարկել Փակ շուկայի հարցը:

«Ավագանին ոչ մի անգամ չմիացավ ու չասեց` եկեք քննարկենք, մենք կորցնում ենք մեր քաղաքի ամենագեղեցիկ, ամենակարևոր հատվածներից մեկը»,- ասաց ճարտարապետը: Ըստ նրա` սա վկայում է, որ օրենքից վեր կանգնած մարդիկ կան:

Իսկ երեկ դատախազությունից ստացել են իրենց կողմից հղված նամակներից մեկի պատասխանը, ըստ որի` «այն, ինչ կատարվում է Փակ շուկայում, հանցակազմ չի պարունակում, հանցանքի հետք չկա»: Սրան հակառակ ճարտարապետը նշում է` հուշարձանի նկատմամբ արդեն իսկ կատարվածը բավական է ասելու, որ հանցագործություն է կատարվել ու ամենախիստ պատիժը պետք է կիրառվի: «Եթե նախագահը չխառնվի, այս հարցը չի լուծվի»,- նշեց Մ. Մինասյանը: