Ապրիլի 3-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի թեման էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի` Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի հետ համատեղ պատրաստած «Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ միջանկյալ /2010-2012թթ./ այլընտրանքային զեկույցը», ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Ասուլիսի բանախոսները` «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ իրավաբաններ Տաթևիկ Ղարիբյանը և Աննա Մելիքյանը անդրադարձան խոշտանգումներին և վատ վերաբերմունքին, քրեակատարողական հիմնարկների և դատական համակարգի խնդիրներին:
Ըստ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ իրավաբան Տաթևիկ Ղարիբյանի՝ դատարանները կողմնակալություն են դրսևորում հօգուտ մեղադրողների՝ խախտելով անմեղության կանխավարկածը և կողմերի հավասարության սկզբունքները, իսկ տուժողները հաճախ չեն բարձրաձայնում անարդարության մասին՝ վախենալով վատթարացնել իրենց վիճակը:
Բանախոսը նշեց նաև, որ կալանավայրերը գերբեռնված են, դատապարտյալների համար չեն մշակվում վերականգնողական ծրագրեր, շեշտելով, որ իրենց կողմից նշված խնդիրներին վերաբերող առաջարկներ են մշակվել:
Տաթևիկ Ղարիբյանն այնուհետ անդրադարձավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից Հայաստանին ներկայացված 166 առաջարկներին, որոնցից պետության կողմից մինչ այժմ ամբողջությամբ կատարվել են 43-ը, մասամբ՝ 78-ը, իսկ 45-ը դեռևս իրականացված չեն:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ իրավաբան Աննա Մելիքյանը, սակայն, հստակեցրեց, որ Հայաստանը դեռ 2,5 տարի ունի՝ առաջարկներն ի կատար ածելու համար:
Իրավաբանները փաստեցին, որ Հայաստանի քրեական օրենսգրքում խոշտանգումների սահմանումը համապատասխանեցված չէ Խոշտանգումների դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, և դատարանները շարունակում են ընդունել խոշտանգումների և վատ վերաբերմունքի հետևանքով կորզված ապացույցները:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը, գնահատելով Հայաստանի քրեակատարողական համակարգը, ասաց, որ լուրջ առաջընթաց չի տեսնում այդ ոլորտում՝ «չնայած Արդարադատության նախարարությունը որոշ փոփոխություններ և լրացումներ կատարում է իրավական համակարգում»: Բանախոսն ընդգծեց, որ չկան բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ, բացակայում է անչափահասների գործեր վարող առանձին համակարգը, իսկ լրագրողների մուտքը քրեակատարողական հիմնարկ ավելի է դժվարացել՝ «եթե թափանցիկ լիներ, կլիներ ավելի վերահսկելի»: «Մեր խնդիրն այն է, որ հետևողական լինենք, որպեսզի պետությունը կատարի ներկայացված առաջարկները», – հավելեց ՀԿ նախագահը:





