AM
4 Ապրիլ 2013 - 06:22 AMT

ԲՀԿ-ն ընտրակաշա՞ռք է բաժանում. Տ.Ուրիխանյանը չի հավատում լուրերին և առաջարկում է դիմել ոստիկանություն

Երևանի ավագանու ընտրությունների օրը գնալով մոտենում է, դրան զուգահեռ ավելանում են ահազանգերը, որ ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք է բաժանվում:

PanARMENIAN.Net-ը մի քաղաքացուց ահազանգ է ստացել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը անձնագրեր է հավաքում, որպեսզի ընտրակաշառք բաժանի: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` ԲՀԿ ներկայացուցիչներն, անգամ, մարդկանց տներ են գնում և գումար առաջարկում:ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը չի հավատում լրատվամիջոցներում տարածված այս տեղեկություններին:

«Եթե կա նման խնդիր, առաջարկում եմ գրավոր դիմել ինձ կամ կուսակցություն, և հետևանքները շատ արագ կտեսնեք: Կամ կարող են դիմել մոտակա ոստիկանության բաժին: Ես չեմ հավատում նման բաներին և չեմ պատրաստվում դրա մասին խոսել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ ընտրակաշառք տալը և վերցնելը քրեորեն պատժելի արարք է: