AM
8 Ապրիլ 2013 - 10:16 AMT

ՀՀԿ պատգամավոր. Ծառուկյանն իմ ընկերն է, մենք իրար կհասկանանք

Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի բան ասում է, ուրեմն գիտի ինչ է ասում, կարծում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Այս մասին պատգամավորն ասաց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ` մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա դա դիտարկելու է իր դեմ ուղղված վիրավորանք և իր հետ են գործ ունենալու:

Հիշեցնենք, որ օրերս Մհեր Սեդրակյանը հայտարարել էր, թե ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանին «մի հատ բերենք Սովետաշեն, բաց թողնենք, ինքը կարա՞ իրա տուն գնա, կգտնի՞ իրա տան տեղը, որ քաղաքապետ էլ դառնա»: Անդրադառնալով իր այս հայտարարությանը, Մհեր Սեդրակյանն ասաց. «Ինձ ոչ մեկը ոչ մի բան չի կարա ուզի ու ասի: Մեկ անգամ ասել եմ, եկեք երկրորդ անգամ չպատասխանեմ: Արդեն ասված է»:

Պատգամավորը հայտարարեց, որ ինքն ուղիղ է ասում իր ասելիքը և ոլոր-մոլոր չի գնում: «Ծառուկյանն իմ ընկերն է, մենք իրար կհասկանանք` ինքը ինձ է լավ հասկանում, ես իրան»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ քարոզարշավի մեկնարկի ժամանակ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ ինքը քաղաքականությամբ զբաղվել է ոչ թե անձնական շահի, այլ պետական շահի, ժողովրդի բարեկեցության համար: «Այսօր քաղաքական գործիչների մեծ մասը, որ անգամ կոստյում չեն ունեցել, իրենց պաշտոնին հասել են քծնանքով, այլ ոչ թե աշխատանքով և այդ մարդկանց պատճառով չպետք է ժողովուրդը տուժի: Իսկ այսօր մեր հասարակության համար անհրաժեշտ է չնչին բան` արդարություն, պայմաններ, մրցակցություն» ,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկին հայտարարել էր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նա նկատել էր, որ օր օրի երևանյան փողոցներում բազմապիսի բողոքի ակցիաներ են ակցկացվում, որոնք վկայում են, որ ժողովորդի համար այսօր շատ բարդ է ապրել:

«Մենք գնում ենք: Այո, ծանր է, բայց աշխատանքով արդյունք կերևա: Ամբողջ կուսակցությունը երևանցու կողքին է»,- ասել էր նա և ավելացրել, որ եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա Գագիկ Ծառուկյանը դա դիտարկելու է իր դեմ ուղղված վիրավորանք իր հետ են գործ ունենալու: