ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին շատ է ոգևորել ապրիլի 9-ի հանրահավաքի մասնակիցների մեծամասնության և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շատ ճիշտ կեցվածքը: «Շատերը տաքուկ անկյունում սպասում էին, որ այդ օրը վատ բան պիտի լինի, բայց ապրիլի 9-ի դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանում թե բազմակարծությունը, թե հանդուրժողականությունը, թե համերաշխությունը, թե ոստիկանության և ուժային կառույցների պրոֆեսիոնալիզմը բարձրացել է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Նա նաև նշեց, որ հիացած է այն քաղաքացիների պահվածքով, ովքեր չգնացին սադրանքների և հիասթափված է այն քաղաքացիների, քաղաքական սադրիչների գործունեությամբ, «ում հանգիստ չի տալիս, որ Հայաստանում ցնցումներն այլևս անցյալում են»:
Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը ՀՀԿ խոսնակը շրջահայաց է համարում և իր համար անհասկանալի է «Ժառանգության» առաջնորդի հասցեին մամուլում սկսված ցեխ-շպրտոցն ու հայհոյանքը:
Էդուրադ Շարմազանովը նաև անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա մեկնելուն և ասաց. «Չերեզ Մոսկվա` Վաշինգտոն, ինքն էր, չէ՞ ասել միտինգին: Պարոն Հովհաննիսյանի մարշրուտից տեղյակ չեմ, բայց որ վերադառնալու է, լավ է»: Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինին և կբերի ժողովրդի հաղթանակը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Արմեն Աշոտյանն էլ այս պահին Կիևում է, հիմա ի՞նչ եք ասում»:





