AM
12 Ապրիլ 2013 - 06:29 AMT

Արա Աբրահամյանն ու Հրանուշ Հակոբյանը քննարկել են սիրիահայերի բնակարանաշինության խնդիրները

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին, ով Հայաստանում էր գտնվում ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Գեորգի Տեր Ղազարյանցը, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահներ Վլադիմիր Աղայանը և Արամ Սարգսյանը:

Ամփոփելով Սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքները՝ Արա Աբրահամյանը նշեց, որ վերջին տարիներին Սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ առավել արդյունավետ և շոշափելի են դարձել Սփյուռքին հետ տարվող աշխատանքները: Քննարկվեցին համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2013թ մրցանակաբաշխության կազմակերպչական հարցեր:

Հ. Հակոբյանը հյուրերին ներկայացրեց Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքները: Քննարկվեցին Հայաստանում գտնվող սիրիահայերի բնակարանաշինության խնդիրները, հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: