AM
15 Ապրիլ 2013 - 07:00 AMT

Քաղաքական փակուղի. Չպետք է թույլ տալ գործընթացի շրխկոցով փակվելը

Հայաստանում 2013-ի ապրիլի 9-ին աննախադեպ բան տեղի ունեցավ, նախագահի պաշտոնի ստանձման արարողության գլխավոր հերոսը ոչ թե մեկն էր, այլ երկուսը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը երդվեց ու ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնն արդեն երկրորդ անգամ: Ազատության հրապարակում մեկ այլ երդմնակալության արարողության ժամանակ Նոր Հայաստանի համար երդվեց ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այս իրադարձություններից հետո հասարակության շրջանում, սոցիալական ցանցերում և մամուլում պարբերաբար այն միտքն էր շրջանառվում, որ մարդիկ հիասթափվել են Րաֆֆի Հովհաննիսյանից, քանի որ նա այդպես էլ վճռական և բեկումնային քայլ չարեց, դրան զուգահեռ Սերժ Սարգսյանը հանգիստ ստանձնեց նախագահի պաշտոնը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի բնորոշմաբ` եթե մարդիկ սպասում են կարճաժամկետ որոշումների, պետք է հասկանան, որ Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած պայքարը երկարատև վազքի պայքար է: «Շատ ակնհայտ է` ինչու Րաֆֆի Հովհաննիսյանին չեն հասկանում, որովհետև նա իր մարտավարությունը մինչև վերջ չի բացահայտում: Նա իշխանությանն անընդհատ անակնկալների է բերում, իսկ վերջինս չի կարող կոպիտ միջոցներով խնդիրը փակել, ինչպես սովոր է»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը: Քաղաքագետը հայ հասարկությանը համբերություն է ցանկանում, քանի որ իր պահանջը շատ ավելին է, քան սովորական ընտրությունները:

Լևոն Շիրինյանի խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրը Հայաստանի ապաօլիգարխացումն է` տնտեսական ոլորտում, քաղաքական և իշխանական հարաբերությունների մեջ: Սա, ըստ քաղաքագետի, դասական պայքար է, ինչը տևական ժամանակ է պահանջում: «Հայ հասարակությունը մի բան պետք է հասկանա, որ շատ կատաղի դիմադրություն կա. բոլոր նրանք, ովքեր այս 20 տարիների ընթացքում հարկեր չեն վճարել, սեփականատեր են դարձել, անօրինականություն են թույլ տվել, այս բոլորը Րաֆֆի Հովհաննիսյանի իրավական, տնտեսական, սոցիալական ազգային ծրագրին դեմ են»,- նկատեց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանը վստահ է, որ եթե այս տրամադրությունը պահպանվի, Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի արդյունավետությամբ Հայաստանի քաղաքական գործընթացի զարգացումը կտանի առաջ: Այս պարագայում գործող իշխանությունը և գործող նախագահը, ուզի-չուզի պիտի համագործակցի կամ հաշվի առնի իր վիճակը: «Ես վստահ եմ, որ եթե Ազատության հրապարակում երկրորդ երդմնակալության արարողությունը չլիներ, իր երդման ժամանակ Սերժ Սարգսյանը դժգոհ զանգվածի մասին չէր խոսի»,- պարզաբանեց նա:

Հայաստանում քաղաքական իրականությունը խորքային փոխվել է, նկատեց քաղաքագետը և ավելացրեց, որ ըստ էության սա պահանջ է ազգային պետականության վերականգնման: «Րաֆֆին հեղափոխական հարցադրում է անում: Բոլորը պետք է խոհեմություն ունենան բռություն և բախումներ չսանձազերծեն, իսկ դրան հակված է իշխանության այն հատվածը, որը վախենում է իր կարիերան ու հարստությունը կորցնելուց կամ օրենքի առաջ կանգնելուց»,- ասաց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանի բնորոշմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը պետք է կարողանան իրար աչքերի մեջ նայել և Հայաստանի Հանրապետությունը տեղափոխել զարգացման փուլ. «Դա դժվար է լինելու և կլինի հասարկության լուրջ ճնշումների շնորհիվ: Սա սահմանադրական պայքար է, և չպետք է թույլ տալ իշխանության կողմից քաղաքական գործընթացի շրխկոցով փակվելը»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ այս ընտրաշրջանը պետք է վերջ դնի ընտրակեղծարարությանը, վերականգնի ժողովրդի մեջ հավատն ընտրությունների նկատմամբ, կամ պետք է դադարեցնել ընտրություններն առհասարակ: Ինչ էլ լինի-չլինի լեգիտիմության հարցը միշտ էլ լինելու է, իսկ այսպես հայ հասարակությունը զարգանալ չի կարող: