AM
15 Ապրիլ 2013 - 09:19 AMT

Պ.Մակեյան. Ընդդիմության տիտղոսի համար պայքարից օգտվում է վարչախումբը

Վերջին տարիներին ընդդիմության դաշտում պայքար է գնում ընդդիմության տիտղոսի համար, կարծում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Ըստ նրա` այդ իրավիճակից մշտապես օգտվում է վարչախումբը և կարողանում է իշխանությունը պահել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ ընդդիմադիր դաշտում գործընթացների շարունակակությունը ապահովելու է հենց ժողովուրդը:

Անդրադառնալով ապրիլի 9-ի իրադարձություններին, Պետրոս Մակեյանն ասաց, որ ապրիլի 9-ին երթի մասնակիցների 2 խմբի բաժանվելը թույլ տվեց խուսափել արյունահեղությունից և մարտի 1-ի կրկնությունից: «Ազատության հրապարակում էներգետիկան թույլ տվեց հասկանալ, որ պայքարը շարունակվելու է և ժողովուրդը պատրաստ է դրան»,-ասաց նա: Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ներկայությանը Բաղրամյան պողոտայում, ապա, ըստ Պետրոս Մակեյանի, ոստիկանապետի գործողությունների շնոհիվ էր նաև այպիսի իրավիճակ ստեղծվել, որ հնարավոր եղավ խուսափել բախումներից: «Բաղրամյանում իրավիճակը, այնուամենայնիվ, վերահսկվում էր հենց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից»,- ընդգծեց Պետրոս Մակեյանը:

Նա կարծում է, որ ընդդիմության հետագա պայքարը պետք է լինի «Ղարաբաղ» կոմիտեի մոդելի օրինակով, երբ յուրաքանչյուր շրջանում ստեղծվում էին տեղական կոմիտեներ: Իսկ նոր կոմիտեներն, ըստ Պետրոս Մակեյանի, կարող են կոչվել «Հայաստան»: