AM
15 Ապրիլ 2013 - 12:12 AMT

Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին սպասվում է Հայաստան-ԵՄ փոխգործակցության ակտիվացում

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական` 12-րդ նիստը:

Նիստին մասնակցում էին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները և եվրոպական կառույցների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Արթուր Բաղդասարյանի խոսքով` աշխատանքներում չափազանց կարևոր առաքելություն ունի Եվրոպական Միության Խորհրդատվական խումբը. «Մենք այսօր, մեր աշխատանքների այս նոր շրջափուլում, կխոսենք, թե ինչպես պետք է գործի Եվրոպական Միության Խորհրդատվական խումբը առաջիկայում և մենք իսկապես պետք է լուրջ բարեփոխումներ կատարենք խմբի գործունեության մեջ, հաշվի առնելով 2013 թ.-ին սպասվող զարգացումները, որպեսզի հաջորդ տարվանից արդեն ԵՄ խորհրդատվական խումբը գործի էլ առավել թիրախավորված, որովհետև Ասոցացման համաձայնագիրը նշանակում է միայն նվազագույնը 1200 նոր օրենքների և օրենսդրական փոփոխությունների իրականացում, մի քանի հազար ենթաօրենսդրական փոփոխությունների իրականացում, այսինքն սա մեծ թվով բարեփոխումներ են` և օրենսդրական և իրավակիրառական»:

Դեսպան Տրայան Հրիստեան գոհունակություն է արտահայտել ծրագրի` անցյալում արձանագրված ձեռքբերումների համար: Նա նշել է. «ԵՄ խորհրդատվական խումբը ԵՄ կողմից ֆիանսավորվող ծրագիր է, որի շրջանակներում Հայաստանին տրամադրվել է օժանդակություն դեպի ԵՄ ինտեգրումն ացնցնելու ճանապարհին: Այժմ եկել է ժամանակը առաջընթաց արձանագրել ԵՄ-Հայաստան Ասոցացման Համաձայնագրի փաթեթի պատրաստման ուղղությամբ: ԵՄ խորհրդատվական խումբը կշարունակի իր աջակցությունը ցուցաբերել կարևոր բարեփոխումների այս գործընթացին»: 2012թ. ընթացքում Եվրամիությունը առաջարկել և օժանդակել է եվրոպական ստանդարտներին համահունչ մարդու իրավունքների ազգային ռազմավարության մշակմանը, մարդու իրավունքների ոլորտում հատուկ հանձնաժողովի ձևավորմանը, Հայաստանում այլընտրանքային պատիժների մեխանիզմի ձևավորմանը` պրոբացիոն ծառայության ստեղծման միջոցով: Քաղաքականության հարցերով տրամադրված խորհրդատվությունն օգնել է Հայաստանին մի շարք կարևոր ոլորտներում մոտենալ ԵՄ-ին: 2012 թվականի տեսանելի զարգացումների թվում է եղել Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների հաջող ընթացքը:

Խորհրդատվական խորհուրդն արտահայեց իր գոհունակությունը ԵՄԽԽ-ի կողմից քաղաքականության հարցերի ոլորտում նախորդ տարվա ընթացքում ցուցաբերած աջակցության վերաբերյալ, հաստատեց ԵՄԽԽ-ի 2012թ. տարեկան հաշվետվությունը, նախանշեց ապագայի գործունեության հիմնական ուղղությունները` մատնանշելով, որ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին սպասվում է Հայաստան-ԵՄ փոխգործակցության ակտիվացում, հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից: