AM
17 Ապրիլ 2013 - 06:32 AMT

Վարդանյանը` Աշոտյանին. Մարգարյանը չէր համարձակվելու բանավիճել Ռուստամյանի հետ. չէին թողնելու

Նախորդ օրը սկսված ՀՀԿ-ՀՅԴ հեռակա բանավեճը շարունակում է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Երեկ նա ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանին կոչ էր արել բանավիճել ՀՅԴ թեկնածու Արմեն Ռուստամյանի հետ: Աղվան Վարդանյանը նաև հայտարարել էր, որ իրենց ցուցակը մյուսներից տարբերվում է նրանով, որ ՀՅԴ գնում է լուրջ թիմով:

Նրա այս հայտարարություններին արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա հայտարարել էր, որ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին որևէ կերպ հատուկ չեն տարբերակում մնացյալ ցուցակների առաջին համարներից, ուստի նպատակահարմար չեն համարում մրցակիցների շարքում առանձնացնել որևէ մեկին: «Գալիք ընտրությունները ուժեղ անձերից բաղկացած թիմերի ընտրություններ են, իսկ որ Տարոն Մարգարյանը Երևանի ընտրություններին պատկառելի թիմի ընդգծված առաջնորդ է, գուցե խաթարում է որոշ շրջանակների քարոզչական ծրագրերը, բայց դա իրենց խնդիրն է»,- ասել էր Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանի այս հայտարարություններին Աղվան Վարդանյանի պատասխանի մեջ ասված է.

«Հարգարժան պարոն Աշոտյան, 1. որ Տարոն Մարգարյանը չէր համարձակվելու հրապարակային բանավիճել Արմեն Ռուստամյանի հետ, ի սկզբանե գիտեի. դրա համար էլ առաջարկել եմ: Խելոք-խելացիները չէին թողնելու: Եվ ճիշտը չթողնելն էր: Այդպիսի մի բանավեճ ժամանակին, նախագահական ընտրությունների օրերին, եղել է… 2. Որ ՀՅ Դաշնակցությունը ընտրությունների ժամանակ հենվելու է բացառապես սեփական ուժերի վրա, խնդրում եմ` մի կասկածեք: Մեր մեջ ասած` եթե շատ ազնիվ լինենք` չեք էլ կասկածում: Գոնե Դուք ընդդիմությանը լավ եք ճանաչում: Ինչ-որ չափով, կարծում եմ, ճանաչում եք նաև իշխանությանը:

3. Երրորդ շնորհակալությունը Ձեր կարծիքով` «այնպիսի պատկառելի քաղաքական գործիչների» անունից, «ինչպիսիք են Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը»: Այո, Երևանի քաղաքապետը պարտավոր է ինքնուրույն, սկզբունքային, վճռական որոշումներ կայացնելու ունակ քաղաքական գործիչ լինել` համաձայն եմ Ձեզ հետ: Ուրախ եմ, որ ընդգծում եք մեր առավելությունը:

4. Կրկին համաձայն եմ Ձեր` «գալիք ընտրությունները ուժեղ անձերից բաղկացած (բաղկացածը ճիշտ բառը չէ) թիմերի ընտրություններ են» ձևակերպման հետ: Բայց, ներողամիտ եղեք, համաձայն չեմ «Տարոն Մարգարյանը պատկառելի թիմի ընդգծված առաջնորդ է» արտահայտությանը հետ: Եվ պատկառելին, և առաջնորդը իմաստակիր բառեր են: Ու հետո` Ձեր թիմը, կարծեմ, մեկ առաջնորդ ունի:

5. Ինչ մնում է ընտրական շեմը հաղթահարելու ծանր ու պատվաբեր գործում Դաշնակցությանը հաջողություն մաղթելու Ձեր ազնիվ վարքին: Այո, դժվար է: Բայց մենք Դաշնակցություն ենք և դժվարությունից չենք խուսափում: Մաղթում եմ (անմաղթանք էլ լինելու է)` երբևէ դառնաք ընդդիմություն, զրկվեք իշխանության բոլոր լծակներից, ընտրությունների վրա ազդելու խայտառակ հնարավորություններից (նաև կրթական ոլորտում): Կտեսնենք, թե ինչ կմնա ձեր պատկառելի թիմից, և ինչպես կհաղթահարեք ընտրական նվազագույն շեմերը: Հիմա էլ ճիշտն ասեք երևանցիներին: Ասեք, որ իրենք Տարոնին չեն ընտրում` ընտրում են Հանրապետական կուսակցությանը:

6. Վեցերորդ կետը ես բաց եմ թողնում…»: