ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին այսօր կվիրահատեն: Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Արդեն երկու շաբաթ Եվրոպայում գտնվող ԱԻՄ առաջնորդը նաև նշել է, որ 2-3 օր գրել չի կարողանալու: Պարույր Հայրիկյանը գրել է.
«Հիմա Բելգիայում եմ՝ Բրյուսելում։ Անցյալում շատ անգամներ եմ եղել, բայց հիմա այլ՝ ապաքինվողի կարգավիճակում եմ։ 5-6 ժամից վիրահատելու են։ Հուսով եմ, չէ, երևի ճիշտ կլինի ասել՝ եթե Տերը կամենա, ամեն ինչ բարեհաջող կավարտվի։ Նվազագույնը խոստացել են, որ գոնե հստակ կիմանան, թե ինչ է կատարվում։ Քնեցնելու են։ Ասում են, կտևի 2-5 ժամ»:
Ավելացնենք, որ կառավարությունը պահուստային ֆոնդից 2013 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացնել է 20.5 մլն դրամ (մոտ 50 հազ. դոլար)` Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով: Պարույր Հայրիկյանը մեկնել էր Եվրոպա` բուժվելու:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել: ԱԻՄ առաջնորդը անրակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել: Հետագայում վնասվածքի հետ կապված բարդություններ են առաջացել:





