AM
18 Ապրիլ 2013 - 06:49 AMT

Միջազգային առաջատար իրավաբանները կքննարկեն Հայաստանի զբոսաշրջային օրենսդրության խնդիրները

Ապրիլի 19-20-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կանցկացվի «Ներդաշնակեցում և ճամփորդության ու զբոսաշրջության վերաբերյալ եվրոպական օրենսդրության առանցքային հայեցակետեր. Դասեր Հայաստանի համար» խորագրով միջազգային համաժողովը: Երևանյան համաժողովի շրջանակում կանցկացվի նաև «ԻՖՏԱ»-ի եվրոպական տարածաշրջանի գարնանային հանդիպումը, որին կմասնակցեն զբոսաշրջության ոլորտի 28 առաջատար իրավաբաններ Եվրոպայի տարբեր երկրներից: Համաժողովին կմասնակցեն փորձագետներ Ավստրիայից, Բելգիայից, Բրազիլիայից, Ֆինլանդիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Իռլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Մալթայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից:

Կքննարկվեն զբոսաշրջության ոլորտի օրենքները, հատկապես՝ Հայաստանին առնչվող օրենսդրական խնդիրները, որը հնարավորություն կընձեռի խուսափել այն բարդություններից, որոնք եղել են այլ երկրներում` ներքին օրենսդրությունը ԵՄ ընդհանուր նորմատիվային դաշտին ներդաշնակեցնելու ընթացքում:

Ելույթ կունենան Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը,ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, «ԻՖՏԱ»-ի երեք պատվավոր նախագահները, զբոսաշրջության ոլորտի եվրոպացի առաջատար իրավաբաններ և «ԻՖՏԱ» անդամներ, Հայաստանի կառավարության և միջազգային համայնքի ներկայացուցիչներ:

Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ), ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Ճամփորդության և զբոսաշրջության հարցերով զբաղվող իրավաբանների միջազգային ֆորումը («ԻՖՏԱ»):