Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական ժողովն ու «Նոր Հայաստան» համաքաղաքացիական շարժման կազմավորման մասին հայտարարությունը, ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի, որևէ արտառոց և նոր բան իր մեջ չի պարունակում: Քաղաքագետը կարծում է, որ դա ավագանու ընտրությունների քարոզարշավի տարր է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույում նա նկատեց, որ «Բարև» շարժումը նոր չէ, որ սկսվել է, այն կար մինչև նախագահի ընտրությունները: «Ամեն մի կուսակցություն նախընտրական պայքարի իր ձևն է ընտրում և փորձում այն առաջ տանել: Նախագահի ընտրություններից առաջ էլ էր նա հայտարարում, որ պետք է վայր դնել բոլոր կուսակցական դրոշները, դա էլ է նախընտրական հնարք, հասկանալի է, որ ցանկանում են հասարակության տարբեր շերտերին իրենց շուրջը կոնսոլիդացնել»,- ասաց քաղաքագետը:
Երվանդ Բոզոյանը նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ այդպիսի հավաքներ և հանդիպումներ շատ կլինեն: Նա նկատեց, որ այսպիսով Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմը հետընտրական գործընթացը շատ սահուն կերպով տեղափոխել են ավագանու ընտրությունների դաշտ: «Հասկանալի է, որ ավագանու ընտրություններն այսօր առարկայական խնդիր են, իսկ հետընտրական պրոցեսն արդեն շատ վերացական նշանակություն է ստացել: Իրենք փորձում են ավագանու ընտրություններին հնարավորինս շատ ձայներ ստանալ»,- պարզաբանեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ երեկ քաղաքացիական ժողովի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքական դաշտում ժողովրդի սահմանադրական պահանջով մեկնարկում է «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժում կազմավորելու գործընթացը: Նա նշել էր, որ պայքարը լինելու է բազմակողմանի՝ Սփյուռքում, Արցախում, Հայաստանի ողջ տաածքում: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` շարժիչ ուժը ժողովուրդն է, որին կարող են միանալ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, սակայն նրանք պետք է վեր դասեն իրենց կուսակցական շահերը: «Այլևս հանդուրժելն անկարելի է, հանդուրժեցինք, որ հիմա ունենք քրեաօլիգարխիկ համակարգ, մարտի մեկ, անարդար դատավարություններ: Եթե այս պայքարի նոր փուլը ներկայում չհռչակենք և հետամուտ չլինենք դրա հաղթանակին, ապա կարող ենք կանգնել լուրջ փակուղու առջև», – ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդը նշել էր, որ չեն սպասելու ևս հինգ տարի, այդքան ժամանակ չկա. «Հաղթանակին հասնելու ենք ավելի շուտ: Բաղրամյան համապատասխան հասցեում թող լսեն հետևյալը. Անարդարությունը ունի ծավալ և հետանքներ, որոնք երբեք չեն կարող չափվել: Չուշացնենք, չուշացնենք ձեր ինքնահրաժարումը: Դիմում եմ բոլոր ընտրված, սակայն չկառավարած թեկնածուներին կամ իրենց ընդդիմադիր համարող ուժերին, որ անկախ ձախողումներից՝ մի մոռացեք, որ դա եղել է ժողովրդինը, որ դա ժողովրդի կորցրած հավատն է»:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել էր նաև նախագահի երդմնակալության օրը տեղի ունեցած իրադարձություններին և դրանից հետո հնչող մեկնաբանություններին և ասել, որ գուցե ապրիլի 9-ից հետո որոշները համարեցին, որ իրենք ավելի զորեղ են իշխանության դեմ պայքարելու հարցու, սակայն մի բան հստակ է, որ ժողուվուրդն ինքը կվերցնի իշխանությունը: Իր պայքարի առաջին լուրջ փորձությունը` ապրիլի 9-ը, ըստ «Ժառանգության» առաջնորդի, չսասանեց, այլ ավելի ամրապնդեց իրենց պայքարը:
Ավելացնենք, որ հաջորդ շաբաթ Րաֆֆի Հովհաննիսյանը վերսկսում է մարզային այցելությունները:





