Քաշաթաղի շրջանում այսօր էլ թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ բնակարանների բարելավումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Քաշաթաղի շրջանի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը:
Խնդիրների շարքում է նաև շրջանի գյուղերի էլեկտրաֆիկացումը։ Քաշաթաղում դեռևս էլեկտրաֆիկացված չէ 3 գյուղ։ Արտուշ Մխիթարյանի տեղեկացմամբ՝ հրատապ է նաև ջրամատակարարման խնդիրը՝ քաշաթաղցին ջուրը կուտակում է ջրավազաններում և խողովակներով տեղափոխում գյուղ, իսկ Քաշաթաղում գազաֆիկացված է միայն շրջկենտրոն Բերձորը։ Ըստ նրա` ավելի ձեռնտու կլինի էլեկտրաէներգիայով ջեռուցումը, քան գազով։ Քաշաթաղում ինտերնետ հասանելիությունը մոտ 70 տոկոս է։
Նա տեղեկացրեց, որ Քաշաթաղի շրջանում բնակություն հաստատող մարդկանց տրամադրվում են վարկեր, բնակարաններ տրամադրվում են հնարավորության սահմաններում, նաև շինանյութ են տալիս, որ դրանք կարգի բերվեն։ «Ամեն նոր բնակիչ շատ ավելի բարձր պահանջներ է ներկայացնում, մենք բոլոր հնարավորություններն օգտագործում ենք նրանց պահանջները բավարարելու համար, սակայն մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են: Իսկ ամենամեծ առավելություններից մեկը բնակլիմայական պայմաններն են»,–ասաց Քաշաթաղի շրջանի ղեկավարի տեղակալը:
Արտուշ Մխիթարյանը տեղեկացրեց, որ 30 սիրիահայ ընտանիք արդեն բնակեցվել է Քաշաթաղում, նրանց ժամանակավոր կացարաններ են տրամադրվում։ Այս պահին Բերձորում կառուցվում է երեք բնակարան, որտեղ մոտ օրերս կտեղափոխվեն սիրիահայ ընտանիքներ, Կովսականում մի քանի ամսից կավարտվի 12 բնակարան ունեցող շենքի շինարարությունը, 9 բնակարան ունեցող շենք էլ կառուցվում է գյուղում:
«Զարգացումը կա, ուղղակի դանդաղ է ընթանում։ Շրջանային ճանապարհները գոնե ամեն տարի վերանորոգում ենք»,– ասաց նա: Արտուշ Մխիթարյանն ընդգծեց, որ այս տարի ամբողջ Հայաստանում 50 000 հա ցանքս է արվել, իսկ միայն Քաշաթաղի շրջանում այդ թիվը 20 000 հա է։ Քաշաթաղի շրջանի ղեկավարի տեղակալը նշեց, որ Քաշաթաղն այն շրջանն է, որը կարող է կերակրել Արցախին և Հայաստանին՝ ընդգծելով, որ Քաշաթաղը մեծ հնարավորություն ունի՝ հացահատիկային մշակաբույսերի աճեցման և անասնապահության զարգացման առումով: «Ինչո՞ւ պիտի մեր զինվորն անհայտ ծագման միս ուտի, եթե Քաշաթաղը անասնապահության առումով տասնապատիկ զարգանալու հնարավորություն ունի։ Մեր խնդիրն է, որ ոչ մի հող անմշակ չմնա: Դա ոչ միայն տնտեսական, այլև բարոյական և քաղաքական խնդիր է»,- ասաց Արտուշ Մխիթարյանը։ Նա նշեց, որ Քաշաթաղում կան նաև բնական օգտակար հանածոներ՝ մասնավորապես ոսկի, և հանքի շահագործման դեպքում մոտ 2000-3000 հոգի կունենան մշտական աշխատանք:
Քաշաթաղում կան հազարավոր պատմական հուշարձաններ, 30 եկեղեցի` կիսավեր և կանգուն, 53 դպրոց՝ 1700-ից ավելի աշակերտով: Ծնելիության մակարդակը 1000 բնակչի մասով Հայաստանի նկատմամբ բարձր է մոտ 2.5 անգամ:
Նա նաև նկատեց, որ ներդրումների առումով Քաշաթաղի շրջանը հրապուրիչ է, սակայն այսօր քչերն են հետաքրքրվում։





