«Ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ իմաստավորված փաստարկ բերել, թե հատկապես ինչու պետք է Հայաստանի քաղաքացիները քվեարկեն դեմ կամ բոյկոտեն սահմանադրական հանրաքվեն: Նրանց չհաջողվեց գեթ մեկ հասկանալի հոդված հրապարակել այդ առչությամբ: Նրանց ողջ հակաքարոզչությունից պատմության մեջ ոչ մի հետք չմնաց: Ընդհանրապես, լինում են մարդիկ, որոնք հեռանում են, ոչինչ չթողնելով ետեւում, նույնիսկ մի ծառ չեն տնկում»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրի կենտրոնական հեռուստակայաններին տված հարցազրույցում: Նախագահի խոսքերով, «կոնկրետ փաստերով իրենց տեսակետը պարզաբանելու փոխարեն, ընդդիմադիրները երեք-չորս օրը մեկ հավաքվում են, գնում հանրապետության մարզեր, հանրահավաքներ անցկացնելով դեղին դրոշներով եւ կրկին ոչ մի խոսք Սահմանադրության փոփոխությունների փաթեթի մասին չեն ասում»: «Կարծես թե բարեփոխումները ուղղակի մի գործընթաց է, որն օգտագործվում է որոշակի նպատակների հասնելու համար: Արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ նման գործողությունները անլուրջ են եւ, որ որոշ ընդդիմադիրներ, հնարավոր է, ինչ-որ պատվեր են կատարում»,-նկատել է Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ Ռ.Քոչարյանի, կազմակերպված եւ հաջող հանրաքվեի անցկացումը կուժեղացնի Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, առավել եւս Ադրբեջանում անցած խորհրդարանական ընտրությունների ֆոնի վրա` «եւ այդ իրավիճակում այնպիսի քայլեր անել, որոնք կարող են թուլացնել մեր դիրքերը…այստեղից, նույնիսկ, դավաճանության հոտ է գալիս»: «Հնարավոր է, դա պատվեր է, իսկ գուցե ամբիցիաներ, սակայն միանշանակ բացատրություն դեռեւս չկա: Դեռեւս կարելի է միայն ենթադրել, սակայն կասկածների համար հիմքեր կան, որոնց մասին ես դեռեւս չեմ խոսի»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:





