Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի ափամերձ այգիներից մեկում տարիներ առաջ տեղադրված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի Խաչքարի մոտ, 98-ամյա տարելիցի առիթով տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որին ներկա էին բարձրաստիճան պետական-քաղաքական գործիչներ, հոգևոր հայրեր, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների, Սլովակիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառումը բացեց ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Ելույթներով հանդես եկան հայտնի քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին, Գերագույն դատարանի նախագահ, ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի հիմնադիր Շտեֆան Հարաբինը, Ազգային Խորհրդի առաջին Նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն և այլոք:
Վիենայից և Պրագայից ժամանած հայ եկեղեցու առաջնորդների և ներկաների էկումենիկ աղոթքից հետո արարողության մասնակիցները տեղափոխվեցին Բրատիսլավայի կենտրոնում գտնվող Հայկական եկեղեցի, որը ամիսներ առաջ ձեռք բերվեց Աշոտ Գրիգորյանի ջանքերի շնորհիվ և արդեն առաջին անգամ հայկական եկեղեցում հոգևոր հայրերի` Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի թեմերի Առաջնորդ Հայր Աբեղա Տիրանի, Սլովակիայի, Հունգարիայի և Չեխիայի հոգևոր հովիվ, Հայր Վարդապետ Բարսեղի և հայ առաքելական եկեղեցու մյուս սպասավորների կողմից մատուցվեց ժամերգություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին, հայտնում են ԵՀՄՖ մամուլի քարտուղարությունից:





