Վրացական հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը Վրաստանում ազգայնական-կրոնական տրամադրությունների աճ է նկատում: Այս մասին փորձագետն ասաց այսօր մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնալով թուրք մեսխեթցիների` Ջավախք վերադարձնելու և վերաբնակեցնելու խնդրին: Ջոնի Մելիքյանն ընդգծեց, որ թուրք մեսխեթցիներին վերադարձնելու դեպքում խնդիրներ են լինելու վերջինի և տեղի վրացի բնակչության միջև:
«Չնայած Միխեյիլ Սաակաշվիլին Թուրքիայում նշում էր, որ վրացական կողմը պատրաստ է ընդունել վերադառնալ ցանկացողներին, բայց իրականում փաստաթղթային և այլ այնպիսի խնդիրներ են առաջանում, որոնք նրանց վերադարձը դարձնում է գրեթե անհնար»,- ասաց փորձագետը:
Ջոնի Մելիքյանն անդրադարձավ նաև Վրաստանի ներքին խնդիրներին և նկատեց, որ իրեն ընդդիմություն հռչակած Մեխեյիլ Սաակաշվիլիի կուսակցությունը կորցրել է ժողովրդի աջակցությունը:
«Մարտի մեջ Վրաստանում ընդունվեցին սահմանադրական փոփոխություններ և դրանով նախագահի լիազորություններն ավելի հստակեցվեցին: Վրացական ընդիմության` Միխայիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժում» կուսակցության վերջին ակցիային մասնակցել է ոչ ավելի, քան 5-7 հազար մարդ»,- ասաց Ջոնի Մելիքյանը: Ըստ փորձագետի` սա ցույց է տալիս, որ Սահակաշվիլիի կուսակցությունը կորցրել է ժողովրդի աջակցությունը և իր կուսակիցները, որոնք քիչ չէին նախկինում, ևս չեն մասնակցել ակցիային»,- ասաց նա:





