AM
22 Ապրիլ 2013 - 10:01 AMT

Աշոտյան. Ընդդիմադիր ընտրողին մոլորեցնելու փորձը Օսկանյանի ինքնախոստովանականով ձախողվում է

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե իր կարծիքով ԲՀԿ-ն խորհրդարանի աշնանային նստաշրջանի սկզբում իրեն պետք է հռչակի ընդդիմադիր կուսակցություն: «Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր տեղը Հայաստանի քաղաքական քարտեզում: Եվ Օսկանյանի կարծիքը, թեպետ անձնական է, այնունամենայնիվ տեղավորվում է նաև ներկուսակցական քննարկումների համատեքստում»,- գրել է Արմեն Աշոտյանը:

Ըստ ՀՀԿ փոխնախագահի` Վարդան Օսկանյանի գրառումը մի շարք հարցեր է առաջացրել:

«1. Ի՞նչ քաղաքական մենաշնորհի մասին է խոսքը, եթե`

ա. Իշխանությունները ձևավորվել են համապետական ընտրությունների արդյուքնում, այնպես, ինչպես ցանկացել է ընտրողը

բ. ՀՀ Կառավարությունը կոալիցիոն է, բաղկացած երկու կուսակցություններից

գ. ԱԺ-ում ոչ իշխանական ուժերի մանդատների թիվը 53 է. շատ ավելին, քան նախորդ գումարման խորհրդարանում

դ. Նույն ԲՀԿ-ն ունի քաղաքապետեր Գյումրիում, Սիսիանում, Իջևանում, Եղեգնաձորում, Նոր Հաճընում, Աբովյանում, Բյուրեղավանում, չհաշված մոտ հարյուր գյուղապետեր

2. Հայաստանի իշխանությունները իրականում շահագրգիռ լինելով ուժեղ ընդդիմության կայացման գործում, որքանո՞վ պետք է արհեստականորեն ստեծղծեն այդպիսին կամ ուղղորդեն նման զարգացումներ:

3. Քանի՞ հոգի կմնա ԲՀԿ խմբակցությունում, եթե Վարդան Օսկանյանի տեսակետը ԲՀԿ-ի ներսում դառնա որոշիչ:

4.Եվ ամենակարևորը, ինչու՞ ընդդիմադիր կուսակցություն դառնալու ցանկությունը չհայտնվեց և չիրականացվեց այս տարվա փետրվարին, երբ նման հնարավորություն կար: Կամ ինչու դա չանել մինչև սեպտեմբեր, թեկուզ հրապարակային հայտարարության մակարդակով, մինչև ԱԺ աշնանային նստաշրջանը:

Հ.Գ. Ասեմ նաև, որ Օսկանյանի այսօրվա գրառումը նաև ԲՀԿ-ի հանդեպ հակաքարոզչություն էր, քանզի Երևանի ավագանու գալիք ընտրություններին ընդդիմադիր կեցվածք որդեգրած և սուր քննադատություն հնչեցնող ուժի առաջին համարը կրկին ընդգծում է, որ իրականում ԲՀԿ-ն ընդդիմություն չէ:

Հետևաբար ընդդիմադիր ընտրողներին մոլորեցնելու փորձը Օսկանյանի ինքնախոստովանական գրառումով ձախողվում է և ավելանում է իրական ընդդիմադիր կուսակցությունների հաջողության հավանականությունը»,- գրել է Արմեն Աշոտյանը: