AM
24 Ապրիլ 2013 - 06:26 AMT

ԼՂՀ կառավարությունը նորաստեղծ ընտանիքների ամուսիններից յուրաքանչյուրին 150 հազար դրամ կհատկացնի

ԼՂՀ կառավարությունը հավանության է արժանացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանի ներկայացրած առաջարկությունը, ըստ որի, փոփոխություն կմտցվի «Նորաստեղծ ընտանիքների համար ամուսնության նպաստ սահմանելու մասին» որոշման մեջ: «Ներկայումս նորաստեղծ ընտանիքին հատկացվում է միանվագ ամուսնության նպաստ՝ 300 հազար դրամի չափով։

Ընտանիքին նպաստ չի հատկացվում, եթե ամուսիններից մեկը նախկինում ամուսնացած է եղել և ամուսնալուծվել է 2008թ. հունվարի 1-ից հետո։ Նպաստ չի հատկացվում նաև այն դեպքում, եթե ամուսիններից մեկը հաշվառված չէ ԼՂՀ-ում։ Ներկայացված որոշման նախագծի ընդունման դեպքում ամուսնության միանվագ նպաստը կհատկացվի ամուսիններից յուրաքանչյուրին՝ 150 հազար դրամի չափով՝ սահմանելով այն պայմանները, որոնց առկայության դեպքում տվյալ անձին կհատկացվի կամ չի հատկացվի նպաստ։ Այս կերպ կբացառվի ամուսիններից մեկի պատճառով ընտանիքին նպաստի իրավունքից զրկելու դեպքերը::

Կպարզեցվի նաև պայմանագրային զինծառայության մեջ գտնվող՝ ԼՂՀ-ում հաշվառում չունեցող անձանց ամուսնության միանվագ նպաստ հատկացնելու ընթացակարգը՝ տվյալ իրավունքը միաժամանակ վերապահելով նաև այլ զորքերի պայմանագրային զինծառայողներին, հայտնում է karabakh-open.info-ն: