AM
25 Ապրիլ 2013 - 07:00 AMT

Ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով Թեհրանի հայկական միությունները հատուկ միջոցառումներ են կազմակերպել

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով Թեհրանի հայկական միությունները կազմակերպել են հատուկ միջոցառումներ: Այդ առիթով այսօր Իրանահայ ազգային և մշակութային միությունում, իսկ վաղը ապրիլի 26-ին, միջոցառումներ կան ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում, Հայկական Բարեգործական ընդհանուր միությունում ու նաև ՀՄՄ «Սարդարապատ» միությունում: Միջոցառումները շարունակվելու են նաև գալիք օրերում:

Երեկ առավոտյան, մատուցվել է Ս. Պատարագ և կատարվել հոգեհանգստյան արարողություն՝ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի գլխավորությամբ: Ապա համահավաք, լուռ քայլարշավ և Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ցույց, որտեղ օրվա առիթով իրենց խոսքն են ասել Սրբազան Հայրն ու Թեհրանի հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը:

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով Թեհրանում հրապարակվել է երկու որմազդ, մեկը՝ ԹՀԹ Թեմական խորհրդի կյանքի կոչված հանձնախմբի, իսկ երկրորդը «Արաքս» շաբաթաթերթի կողմից: Առաջինի հիմնական կարգախոսն է «Ընդունումից՝ հատուցում: 2013թ. ապրիլի 24-ը Օսմանական կառավարության կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցն է»: Երկրորդինը՝ «Ապրիլի 24-ը Թուրքիայի կողմից իրականացված հայերի Ցեղասպանության և նրանց Հայրենիքի բռնագրավման տարելիցն է»:

«Արաքս» շաբաթաթերթի որմազդի վրա նաև հիշատակված է աշխարհահռչակ, պարսիկ ժամանակակից գրող, թարգմանիչ, և պարսկական կարճ պատմությունների՝ պատմվածքների, և պարսկական գրականությունում իրապաշտության՝ ռեալիզմի, հիմնադիր Մոհամադ Ալի Ջամալզադեի, 1915թ. գարնան, հուշերից տողեր. «Թուրք զինված ու հեծյալ ժանդարմները … հարյուրավոր հայ մարդ ու կին, իրենց երեխաներով, տխուր վիճակում, մտրակի ու զենքի ուժով, քշում էին… այդ իսկ պատճառով, մենք տեղ տեղ հայ կնոջ ու մարդու էինք տեսնում, որ ճամփի եզրին ընկած էին ու մեռած, կամ էլ վերջին շունչն էին փչում ու հոգեվարքի մեջ էին…»:

Որմազդները, հազարավոր տպաքանակով, հայ եռանդուն ու ազգանվեր երիտասարդների ձեռքերով, ապրիլի 22-ից 24-ը փակցվեցին Թեհրանի կարևոր պողոտաների պատերին:

Ապրիլի 23-ի երեկոյան էլ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, Հայոց Ցեղասպանության նահատակների անմեռ հիշատակին կատարվել է հոգեհանգստյան արարողություն՝ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի նախագահությամբ: Ապա տեղի ունեցավ ծաղիկների մատուցում՝ Մեծ Եղեռնի հուշարձանի առջև: