Այսօր՝ ժամը 13.00-ին Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կբացվի ՀՀ վաստակավոր ճարտարապետ Էդուարդ Սաֆարյանի 90 ամյակին նվիրված ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, ասվում է ինստիտուտի հաղորդագրության մեջ:
Ցուցահանդեսում ներկայացված կլինեն ճարտարապետի հեղինակած և իրականացված մի շարք բնակելի, հասարակական կառույցների նախագծեր, նախագիծ-առաջարկներ, լուսանկարներ:
Էդ.Սաֆարյանի նախագծերով են կառուցվել Երևանի «Անի» և «Դվին» հյուրանոցները, «Զեյթուն» հանգստի գոտին՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Դեկաբրիստների և Դավիթ Անհաղթ փողցների հանգույցում, Դավիթ Անհաղթի հուշարձանը նույնանուն փողոցում, Նորքի զանգվածում՝ Գայի փողոցի Մեծ շատրվանը և այլ մի շարք բազմաֆունկիցոնալ և բազմաբնակարան շենքեր և շինություններ, ճարտարապետական փոքր ձևեր: Ցուցահանդեսին կներկայացվեն նաև Էդ.Սաֆարյանի գրաֆիկական և ջրաներկ աշխատանքները:
Էդ.Սաֆարյանը 1971 թ-ին արժանացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչման, պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և պետական բազում մեդալներով:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը և Հայաստանի ճարտարապետների միությունը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 30-ը:





