Շումենի փոքրաթիվ, սակայն միասնական հայ համայնքը բավական լուրջ աշխաատանք էր կատարել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը հավուր պատշաճի նշելու համար, ասվում է հայ համայնքի ատենապետ Գրիգոր Փանոսյանի հաղորդագրության մեջ:
Միջոցառումները սկսվել են երեկոյան ժամը 18:00-ին Շումենի Անհայտ զինվորի հուշարձանի առջև, որի երկու կողմերում պաստառներով և դրոշակներով կանգնել են ՀՄԸՄ-ի Շումենի հայ սկաուտները՝ առաջնորդությամբ խմբապետներ Մերի Խաչիկյանի և Արտո Ստեֆանովի: Ոգեկոչումի արարողությունը բացել է հայ համայնքի ատենապետ Գրիգոր Փանոսյանը, ով հակիրճ ներկայացրել է ներկաներին այդ օրվա իրենց հավաքի նպատակը և խորհուրդը: Նրանից հետո բուլղար զինվորական պատմաբան Միշո Յորդանովը ներկաներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժամանակագրությունը:
Հուշարձանի առջև Հոգեհանգստյան կարգ է կատարել Շումենի Սբ. Համբարձում Բուլղար Ուղղափառ եկեղեցու հովիվ արժանապատիվ Տեր Էմիլը, քանի որ Շումենի հայկական եկեղեցին չունի մշտական քահանա: Այնուհետև դրվեցին ծաղիկներ և ծաղկեպսակներ: Այդ ամբողջ ընթացքում քաղաքի կենտրոնական գովազդային լուսավահանակը մնայուն կերպով ներկայացնում էր միայն Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված պաստառը: Շումենի հայությունը քաղաքի շատ վայրերում գովազդային վահանակներ էր վարձել, այնտեղ տեղադրելով նմանատիպ պաստառներ:
Այնուհետև ներկաները երթով շարժվեցին դեպի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցի՝ անցնելով քաղաքի կենտրոնական փողոցներով: Ամբողջ ճանապարհին երիտասարդները անցորդներին էին բաժանում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով պատրաստված գրքույկներ, որոնք պատրասվել էին Վառնայում ՀՀ պատվավոր հյուպատոս Սարգիս Սարգիսովի հովանավորությամբ:
Ոգեկոչման միջոցառումը շարունակվեց Շումենի հայկական եկեղեցու բակում գտվող Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված Խաչքարի առջև: Այնտեղ ևս Տեր Էմիլը աղոթք կարդաց Հայ նահատակաց հոգիների հանգստության համար, որից հետո Շումենի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցու երգչախումբը կատարեց մի քանի հոգևոր շարականներ: Գրիգոր Փանոսյանը ներկաներին հրավիրեց մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը, որին հետևեց ծաղիկների և ծաղկեպսակների զետեղում:
Շումենում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով անցկացված միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին տեղական տեղեկատվական միջոցների կողմից:





