Մրգերի գինը, 2013-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 14.9 տոկոսով, իսկ 2013-ի մարտի համեմատ` 4.4 տոկոսով: Տեղեկությունն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրել է Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: «Մեր դիտարկած բոլոր քաղաքներում մարտի համեմատ ապրիլին արձանագրվել է մրգերի գնի 1.1-14.3 տոկոս գնաճ: Ամենաբարձր ցուցանիշը Եղեգնաձորում է, իսկ մայրաքաղաքում մրգի գներն աճել են 3.6 տոկոսով», – ասել է նա:
ԱՎԾ տվյալներով` այս տարվա ապրիլին 2012-ի նույն ժամանակաշրջանի համեմատ հանրապետությունում արձանագրվել է.
Սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում` 3.8 տոկոս, իսկ 2013-ի մարտի համեմատ` 2.4 տոկոս գնաճ (պայմանավորված սուրճի` 3.8 տոկոս թանկացումով),
Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում` 11.6 տոկոս, իսկ 2013թ. մարտի համեմատ` 1.8 տոկոս գնաճ,
Ձկնամթերքի ապրանքախմբում` 2.3 տոկոս, իսկ 2013թ. մարտի համեմատ` 1.7 տոկոս գնաճ:
Կաթնամթերքի ապրանքախմբում` 1.9 տոկոս, իսկ 2013թ. մարտի համեմատ` 0.8 տոկոս գնաճ:
Մսամթերքի ապրանքախմբում` 4.1 տոկոս, իսկ 2013թ. մարտի համեմատ` 0.3 տոկոս գնաճ: Այն պայմանավորվել է տավարի և ոչխարի մսերի` համապատասխանաբար 0.5 տոկոս և 3.3 տոկոս, թռչնամսի` 0.6 տոկոս, տավարի ֆիլեի` 0.7 տոկոս, աղացած մսի` 0.8 տոկոս, եփած երշիկի`
1.0 տոկոս, հավի բդի` 1.4 տոկոս, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ)` 3.4 տոկոս գնաճով:Ապրիլին մարտի համեմատ խոզի մսի գինը նվազել է 2.3 տոկոսով, խոզապուխտինը` 1.2, բարձր տեսակի ապխտած երշիկինը` 1.1 տոկոսով:
Ձվի միջին գինն այս տարվա ապրիլին 2012-ի ապրիլի համեմատ աճել է 13.6 տոկոսով, իսկ 2013թ. մարտի համեմատ` 1.1 տոկոսով:
2013-ի ապրիլին մարտի համեմատ գրանցվել է նաև հացամթերքի` 0.1 տոկոս, ոգելից խմիչքի և ծխախոտի` 0.5 տոկոս, այլ մթերքի` 0.6, հրուշակեղենի` 0.7, ոչ ոգելից խմիչքի` 1.2 տոկոս գնաճ:





