AM
10 Դեկտեմբեր 2005 - 10:02 AMT

Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա դեկտեմբերի 16-ին

Մինչեւ տարեվերջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 16-ին, իսկ արդեն 2006 թվականի հունվարի վերջում Ռոբերտ Քոչարյանը կբացի Ռուսաստանում Հայաստանի տարին: Ինչպես ակնկալվում է, երկու պետությունների ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի գազի բնագավառում գնային քաղաքականության վերանայման հետ կապված մի շարք հարցեր, քանի որ Ռուսաստանը նախատեսում է անցնել համընդհանուր շուկայական հարաբերությունների այդ թվում նաեւ ԱՊՀ երկրների հետ: Մինչդեռ, աղբյուրները Բելառուսում հաղորդում են, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է հանդիպել նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հիշեցնենք, որ ըստ եղած տեղեկատվության ռուսական կողմը արտոնություններ է նախատեսել բելառուսական կողմի համար ռուսական գազի ներկրման հարցում, այն դեպքում,երբ Հայաստանի համար նման արտոնություններ նախատեսված չեն: Միեւնույն ժամանակ, ըստ Ռուսաստանի պաշտոնատար անձանց հաղորդագրությունների, հայկական կողմից կշարունակվի փոխշահավետ համագործակցության ուղիների որոնումը էներգետիկ ոլորտում: Ռուսաստանը կարող է չեզոքացնել հայկական կողմի ծախսերը գազի սակագների բարձրացումից` արտոնյալ միջպետական վարկերի եւ համատեղ խոշոր ծրագրերի միջոցով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: