AM
7 Մայիս 2013 - 06:50 AMT

Օբյեկտիվ. Բուզանդի փողոցի քանդված հիշողությունը. օտարում

Երևանում մատների վրա հաշված հին, պատմական շենքեր են մնացել: Անհետացող հիշողությունները միայն այն մարդկանց մտքում են, ովքեր այդ շենքերի հետ կորցրին նաև սեփական պատմությունը:

Բուզանդի 11 հասցեի նախկին բնակիչ Սաթենիկ Դավթյանը նրանցից մեկն է: 2004-2005թթ. Երևանի կենտրոնի բնակիչների նման նրա ընտանիքին էլ անփող, անտուն «Գերակա շահ» անվան տակ դուրս հանեցին իրենց տներից: Մարդիկ կես դարից ավելի պատմություն ունեին այդտեղ, իսկ այժմ այդ պատմության փլատակների կողքին ու փոխարեն վեր են խոյացել էլիտար ու անշունչ շենքերը:

Այդ ընտանիքները հասել են մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն ապարդյուն:

Նկարչուհի Սաթենիկ Դավթյանն էլ հին Երևանի շատ ընտանիքների նման զրկված է իր օջախից, փողից, գրանցումից: Այս ընտանիքն էլ ապրում է Երևանում` առանց գրանցման, առանց բարոյական և նյութական աջակցման, վարձած բնակարանում, ապրում են անորոշության մեջ և կորած հիշողություններով: