AM
14 Դեկտեմբեր 2005 - 16:05 AMT

Լեռնային Ղարաբաղի նախագահ. Պատերազմը չի կարելի կարգավորման այլընտրանք համարել

Այսօր շատ կարեւոր է ընդհանրապես բացառել պատերազմի հավանականությունը Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Երեւանում կայացած հանդիպումից հետո: «Կարգավորման առաջին հարցը խաղաղ պայմանագրի կնքումն է: Մենք պետք է հստակ հարց բարձրացնենք այն մասին, որ կողմերը պետք է հրաժարվեն ուժի դիրքերից խոսելուց: Ես չեմ կարծում, որ այսօրվա դրությամբ կան ռազմական, ռազմավարական կամ տնտեսական պատճառներ պատերազմը վերսկսելու համար: Չեմ կարծում, որ Ադրբեջանի ժողովուրդը նորից պատերազմ կցանկանա: Կարծում եմ, որ ռազմական գործողությունների վերսկսումը դա վատագույն տարբերակն է: Պատերազմը ոչ թե կարգավորման այլընտրանքն է, այլ շփման: Անհրաժեշտ է բանակցել եւ պաշտպանել սեփական դիրքորոշումը»,-նշել է Արկադի Ղուկասյանը: Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակը, ԼՂՀ նախագահը նշել է, իրավիճակը այսօրվա դրությամբ բավականին լարված է: Նրա խոսքերով, այդ հարցը նույնպես քննարկվել է համանախագահների հետ հանդիպման ժամանակ: «Եթե մենք իրոք մոտ ենք կարգավորմանը, ապա ինչո՞ւ է լարվածություն նկատվում շփման գծում: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է զուգահեռ աշխատանք տանել երկու կողմից վստահության մթնոլորտ ստեղծելու համար»,-ընդգծել է Ա.Ղուկասյանը:

Նրա խոսքերով, զիջել կարելի է միայն գործընկերոջը` թշնամուն ոչինչ զիջել չի կարելի: Այդ պատճառով խոսքը գնում է այնպիսի պայմաններ ստեղծելու մասին, երբ մենք կկարողանանք համատեղ կառուցել մեր ապագան: Համատեղ ոչ թե միասնական պետության առումով, այլ բարիդրացիական հարաբերությունների: Ցավոք, նման բան այսօր չկա»,-հայտարարել է ԼՂՀ նախագահը: Ընդ որում նա նշել է ադրբեջանական ԶԼՄ-ների առանձնահատուկ ագրեսիան եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները: «Ես գտնում եմ, որ ոչ հայկական, ոչ ղարաբաղյան ԶԼՄ-ներում նման ագրեսիա չկա, թեեւ երբեմն նրանք ստիպված են պատասխանել»,-հայտարարել է նա, նկատելով նաեւ անհամապաստախանությունը Ադրբեջանի կարգավորման գնալու պատրաստակամության մասին հայտարարությունների եւ ագրեսիվ խոսքերի միջեւ: «Այդ առումով ես լուրջ հիմքեր ունեմ ենթադրելու, որ Ադրբեջանի ղեկավարությունը իր խաղն է տանում»,-ամփոփել է Ա.Ղուկասյանը: