AM
8 Մայիս 2013 - 08:34 AMT

Վճռաբեկ դատարանը քննում է ՀԱԿ ակտիվիստների բողոքը

Վճռաբեկ դատարանում, քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների բողոքի քննությունը: Բողոքը ներկայացրած փաստաբաններ Վահե Գրիգորյանն ու Ստեփան Ոսկանյանը նիստին չեն մասնակցում: Իսկ դատարանի բակում ՀԱԿ համակիրները բողոքի ակցիա են իրականացնում`«Ա-զա-տու-թյուն» վանկարկումներով:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, 2012թ. նոյեմբերի 13-ին մերժել էր Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի բողոքները: Այսպիսով դատարանը օրինական ուժի մեջ էր թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման: ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում ոստիկանների հետ միջադեպի գործով: Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, Արտակ Կարապետյանը խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը խուլիգանության մեջ: