ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալական ուղերձ է հղել Լիտվայի սեյմի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասին եւ սեյմի պատգամավորներին` Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ա.Բաղդասարյանի ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Ցեղասպանության, որպես մարդկության դեմ գործած ու վաղեմության ժամկետ չունեցող ծանրագույն հանցագործության, չկրկնվելու լավագույն երաշխիքը միջազգային հանրության կողմից դրա ճանաչումն ու խստիվ դատապարտումն է»: Ուղերձում նաեւ արժեւորվում է երկու խորհրդարանների միջեւ զարգացող համագործակցությունը` ի շահ երկու ժողովուրդների: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Լիտվայի սեյմը ձայների մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Լիտվայի խորհրդարանականները բանաձեւում որակում են հայ ժողովրդի ջարդը որպես ցեղասպանություն եւ կոչ են անում Թուրքիայի իշխանություններին ճանաչել այդ պատմական փաստը:





