AM
9 Հունվար 2006 - 13:55 AMT

Հայաստանը չի կարող իրագործել իր ողջ ներուժը փակ սահմաններով

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբոթ-Ուոթը կիսում է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի լավատեսությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում առաջընթացի հասնելու հնարավորության վերաբերյալ: Այդ մասին բրիտանացի դիվանագետը հայտարարել է օրերս Երեւանում` Հայաստանում իր դիվանագիտական գործունեության ավարտին նվիրված ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ: «Կողմերը կարող են հասնել թեկուզ ժամանակավոր լուծման, որ կարող է շուտով սահմանների բացման հնարավորություն տալ: Սա մի բան է, որ պետք է շատ ողջունելի լինի, քանի որ, ես կարծում եմ, որ Հայաստանը չի կարող իրագործել իր ողջ ներուժը փակ սահմաններով», – հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը:

Հարցին, թե ի՞նչ օգնություն կարող է ցույց տալ Մեծ Բրիտանիան` որպես Եվրամիության անդամ, Թուրքիայի հետ սահմանի վերաբացման առնչությամբ, Թ.Էբոթ-Ուոթը պատասխանեց. – «Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության գործընթացի մի մասը ներառում է ակնկալիքը, որ նոր անդամը չպետք է միանա Եվրամիութանը` տարաձայնություններ ունենալով հարեւանների հետ»: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, հիշեցնենք, որ Թ.Էբոթ-Ուոթը 2004 թվականին հայտարարել էր, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չէին` հարուցելով զայրույթ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Հարցին, թե արդյո՞ք իր պաշտոնավարման ավարտին էլ նույն կարծիքին է, Էբոթ-Ուոթը պատասխանեց. – «Ես կարծում եմ, որ մեր կառավարության տեսակետը այս հարցի վերաբերյալ լավ հայտնի է: Ես գիտեմ, որ այս թեման ցավագին է ընկալվում Հայաստանի իմ ընկերների կողմից, եւ այդ պաճառով հարկ չեմ համարում կրկնել այդ պնդումը: Մեծ Բրիտանիան առաջին երկրներից էր, որ հաղորդեց 1915-1918 թվականների իրադարձությունների մասին եւ շարունակում է դատապարտել այն դաժանությունները, որ տեղի ուենցան: Նաեւ շարունակում է հայտնել իր ցավակցությունները զոհերի հետնորդներին», – ավելացրեց նա: – «Այդ պատճառով իմ դեսպան եղած բոլոր տարիներին, ես գնացել եմ Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եւ ակնկալում եմ, որ ինձ հաջորդողն էլ այդպես կանի»,-ընդգծել է նա:

Նշենք, որ Թորդա Էբոթ-Ուոթին Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում կփոխարինի 59 ամյա Թոնի Քարթոնը, ով մինչեւ 2005 թվականը Մեծ Բրիտանիայի դեսպանն էր Պարագվայում: