2005 թվականին Հայաստանն ակտիվ է գործել Եվրոպայի խորհրդում: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2005 թվականին ՀՀ ԱԳՆ գործունեության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: Պաշտոնական Երեւանը իր գործունեությունը կենտրոնացրել էր ոչ միայն Հայաստանի պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցերի վրա, այլեւ հանդես էր գալիս կազմակերպության հետագա գործունեության եւ դերակատարության համար կարեւոր նշանակություն ունեցող նախաձեռնություններով: Ինչպես նշեց ՀՀ ԱԳՆ ղեկավարը, ՀՀ Սահմանադրական բարեփոխումների փաթեթի ընդունմամբ Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացը մտել է նոր` վերջին փուլը: Բարեփոխված Սահմանադրությունը հնարավորություն կտա իրականացնելու Հայաստանի պարտավորությունների մնացած մասը: Եվրոպայի խորհուրդը, կարեւորելով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, Վենետիկի Հանձնաժողովի միջոցով սերտորեն համագործակցել է Հայաստանի հետ` փորձագիտական աջակցություն ցույց տալով բարեփոխումների մշակմանը: Եվրոպայի խորհուրդը բարեփոխումների տեքստը միջազգային չափորոշիչների առումով բավարար է համարել: Ըստ Վ.Օսկանյանի, Եվրոպայի խորհրդում անցկացված կարեւոր իրադարձություններին Հայաստանը մասնակցել է նախատեսված ամենաբարձր մակարդակով:





