Նախօրեին Լոնդոնում շարունակվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հունվարի 18-ին Վարդան Օսկանյանը հանդիպել էր Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Դուգլաս Ալեքսանդրի հետ: Կողմերն անդրադարձել են Լոնդոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ ընթացող բանակցություններին, ինչպես նաեւ քննարկել Հարավային Կովկասի տարածաշրջանում այսօր տիրող իրավիճակը: Երկկողմ հարաբերությունների համատեքստում հատուկ քննարկման առարկա է դարձել Եվրոպական Միության Նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում կոնկրետ ոլորտներում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համագործակցության խթանման, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերում բրիտանական մասնակցության ավելացման հարցերը:





