Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր շարունակվեց գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության և տեղեկատվության ոլորտներում 2012-ի ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումը:
ՀՀ ֆինանսերի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց այս ոլորտներում կատարողականի տվյալները: Սփյուռքի նախարարությունն իրականացրել է 14 ծրագիր: Նախարարությանը պետբյուջեից տրամադրվել է 722,4 մլն դրամ, որը կատարվել է մոտ 95%-ով: Հիմնական մասն ուղղված է եղել հանգիստ և կրոն բաժնին՝ հատկացված 481 մլն դրամը կատարվել է 97%-ով: Մշակութային միջոցառումների իրականացման համար տրամադրվել է 273 մլն դրամ, որը կատարվել է 96%-ով: Սփյուռքի նախարարությունում արձանագրվել է մոտ 100% կատարողական, բացառությամբ սոցիալական փաթեթի ապահովման ծրագրերը: Հատկացված 7,7 մլն դրամը կատարվել է 84,6%-ով:
Կրթության և գիտության նախարարությանը տրամադրվել է մոտ 41 մլրդ դրամ, որը կատարվել է 96,8%-ով: Նախարարությունն իրականացրել է շուրջ 90 ծրագիր: ԿԳՆ-ում արձանագրվել է մոտ 100% կատարողական, բացառությամբ սոցփաթեթի ապահովման ծրագրերի, հատկացված 600 մլն դրամը կատարվել է մոտ 60%-ով:
Մշակույթի նախարարությանը ճշտված ծրագրով հատկացվել է 14 մլրդ 353 մլն դրամ: Նախարարությունն իրականացրել է 42 ծրագիր: Լրացուցիչ միջոցներ է տրամադրվել ՝ 512մլն դրամ: Նախարարությունը արձանագրել է 101% կատարողական, բացառությամբ սոցփաթեթի ապահովման ծրագրերի՝ 80%: Սպորտի և երիտասարդության նախարարությանը տրամադրվել է 4,7 մլրդ դրամ, որը կատարվել է 99,6%-ով: Նախարարությանը լրացուցիչ միջոցներից տրամադրվել է 511,6 մլն դրամ: Հեռուստատեսության և ռադիոյի պետական հանձնաժողովին պետբյուջեից հատկացվել է 203 մլն դրամ, որը կատարվել է 97%-ով:





